Նման բան միայն Փաշինյանը կարող էր անել․ աբսուրդի երկիր Հայաստանը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 2 min read

Պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որտեղ միևնույն մարդը չորս տարվա ընթացում երկու անգամ նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ընդ որում՝ նրա գլխին երկրորդ անգամ կախված է սկանդալային պաշտոնանկության ուրվականը։ Այո, կա նման երկիր ու դա Հայաստանն է, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը։ Հեղափոխությունից հետո գեներալ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։ Միանգամից ասենք, որ երկրի գլխավոր զինվորականի պաշտոնում նա չի փայլել, անգամ խորհրդարանական լսումներ եղան նրա պաշտոնավարման ընթացքում․ նույնիսկ իշխանությանը մաս կազմող պատգամավորները պնդում էին, որ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները հասել են պիկին, ինչի հետևանքով զինված ուժերում սպանությունների դեպքեր են արձանագրվում։
Բայց Դավթյանը դրա համար պաշտոնանկ չարվեց, այլ աշխատանքից հեռացվեց միայն 2020թ․ հունիսին, երբ հանդգնել էր որդու հարսանիքն անցկացնել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։ Թերևս, բանակը Դավթյանին մոռանար, եթե չլիներ Օնիկ Գասպարյանի ու մյուս գեներալների «խռովությունը» ու Նիկոլ Փաշինյանը չկանգներ փաստի առաջ․ փաստացի վարչապետը չէր կարողանում գտնել մի գեներալի, որը կհամաձայներ՝ Օնիկ Գասպարյանից հետո, ստանձնել Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Դավթյանը համաձայնեց՝ չնայած դրանից ամիսներ առաջ մի հարցազրույցով միացել էր Օնիկ Գասպարյանի ու մյուսների պահանջին ու, ըստ էության, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց 2021թ․ մարտի 22-ին Գլխավոր շտաբի պետ դարձած Դավթյանն այս անգամ թերևս ավելի կարճ է պաշտոնավարելու։ Դավիթ Տոնոյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին։
Գլխավոր շտաբի պետին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը նախաքննությունը վարող Ազգային անվտանգության ծառայությունը ամիսներ շարունակ չէր հաստատում՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Բայց երեկ ամեն ինչ գաղտնազերծվեց ու գործն ուղարկվեց դատարան։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, կարծես, մի կերպ գտել է նաև Արտակ Դավթյանին փոխարինողին։ Երեկ գեներալ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Ի դեպ, այս պատմության մեջ էլ կա աբսուրդ․ Մարտիկյանը 2021թ.-ի օգոստոսին ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Բայց դե, ինչ արած, պատվարժան սպաները չեն համաձայնում աշխատել Փաշինյանի հետ․ նա հազիվ է կադրեր գտնում ու ասում են՝ հենց Մարտիկյանն էլ առաջիկա օրերին նշանակվելու է ԶՈւ շտաբի պետ։
Վահրամ Բագրատյան




















