top of page

«Իրավունք». Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր

54 minutes ago
2 min read


«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց հարցազրույցին, որտեղ վերջինս իր հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, թե 2019 թվականին Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ բուքմեյքերական գրասենյակները փակելու նախաձեռնությունը մշակվել էր VBet-ի (նախկին Vivaro) շահերից ելնելով՝ ընդգծել է, որ ինքը պատգամավորներին, այդ թվում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, երբեւէ իր լծակներն օգտագործելով չի զանգահարել որեւէ օրենսդրական նախաձեռնության հարցով։ 

«Ես երբեւիցէ որեւէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված 9-րդ գումարման Ազգային ժողովում որեւէ քննարկում չեմ ունեցել, որեւէ քննարկման չեմ մասնակցել, որեւէ կարծիք չեմ հայտնել, որեւէ մեկի հետ բովանդակություն չեմ քննարկել, որեւէ ձեւով չեմ առնչվել, չեմ խոսել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քվեարկել։ Ոչ մի բան, կատարելապես ոչ մի բան չի եղել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները։

Այստեղ ամենաուշագրավն այն է, որ Ալեն Սիմոնյանը խոսում է 9-րդ գումարման Ազգային ժողովի մասին, այսինքն՝ այն նոր գումարման, որտեղ ո՛չ ինքն է պատգամավոր, ո՛չ էլ Հայկ Սարգսյանը։ Եվ եթե Ալեն Սիմոնյանը պարզապես շփոթել է գումարումները, ապա իրավիճակն ավելի զավեշտալի է դառնում։ Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանը եղել է 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահը։ Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը խնդիր ունի ոչ միայն Հայկ Սարգսյանի, այլեւ թվերի հետ։

Հիշեցնենք, որ ժամանակին էլ Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ունի 240 զոհ, իսկ հետո հերքել էր, թե շփոթմունք է եղել։

Հիմա էլ 8-րդ գումարումը դարձել է 9-րդ։

Սակայն Ալեն Սիմոնյանի այս խոսքերում միայն գումարման համարը չէ, որ խնդրահարույց է։ Նա այժմ հայտարարում է, թե իր՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ որեւէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված որեւէ քննարկում չի ունեցել, որեւէ քննարկման չի մասնակցել, որեւէ կարծիք չի հայտնել, որեւէ մեկի հետ բովանդակություն չի քննարկել, որեւէ ձեւով չի առնչվել, չի խոսել, չի կարդացել։ Հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նա, որպես պատգամավոր, կարծես թե, որեւէ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, այլ եղել է տարբեր օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ։ Ու ի՞նչ է ստացվում՝ դրանք էլ չի՞ կարդացել, դրանց բովանդակությամբ էլ չի հետաքրքրվե՞լ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2896
bottom of page