top of page

Դաստիարակել է մի սերունդ, որը հավատում է ամենախելահեղ հակառուսական կարծրատիպերին. Լավրով

1 hour ago
1 min read

Արևմուտքին հաջողվել է հասարակության զգալի մասին նախապատրաստել անվերապահորեն ընկալելու նույնիսկ ամենախելահեղ հակառուսական կարծրատիպերն ու հերյուրանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կեղծ լուրերի մասին երկխոսություն 4.0» միջազգային ֆորումում, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Արևմտյան մեդիատարածքը, արևմտյան արդյունաբերությունը այս ոլորտում, այդ թվում՝ ժամանցի ոլորտում, երկար և հետևողականորեն նախապատրաստել են իրենց երկրների բնակչությանը՝ ընկալելու ցանկացած, նույնիսկ ամենախելահեղ հակառուսական կարծրատիպերն ու ֆանտազիաները: Սա շարունակվում է մինչ օրս։ Բայց պետք է տուրք մատուցել նրանց. հասարակության զգալի մասին նրանք արդեն դաստիարակել են այդ ոգով։ Այնպես որ, ինչպես ասում են, նրանց աշխատանքն ապարդյուն չի անցել»,- նշել է նա:


Միևնույն ժամանակ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է դարձրել այն բանին, որ արևմտյան հասարակությունը բաղկացած է նաև մարդկանցից, ովքեր սկսել են անհարմար հարցեր տալ։


«Մենք գիտենք, օրինակ, թե ինչպես են հարցնում արևմտյան կառավարություններին, թե ինչու են լռության մատնվում Ռուսաստանի քաղաքների խաղաղ բնակիչների նկատմամբ ուկրաինական ահաբեկչության փաստերը»,- արձանագրել է Լավրովը՝ հիշեցնելով Ստարոբելսկում բացահայտ ահաբեկչության մասին, որտեղ ուսանողական հանրակացարանում սպանվել էին երկու տասնյակ պատանիներ և աղջիկներ։


Նրա խոսքով՝ այդ ահաբեկչությունը ոչ մի դատապարտման չի արժանացել արևմտյան կառավարությունների և Արևմուտքին ենթակա միջազգային կառույցների կողմից։


«Որքան էլ որ տխուր լինի, այն որևէ կերպ չի արտացոլվել նաև արևմտյան ԶԼՄ-ների լրատվական թողարկումներում։ Այն պարզապես լուռ անտեսվել է»,- ընդգծել է նախարարը։

1/2908
bottom of page