top of page

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակ

3 hours ago
1 min read

Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը։ Այս մասին հաղորդում են ԵՄ հայաստանյան գրասենյակից: 

«ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման կարևոր նախապայմաններից են անվտանգ կենսաչափական անձնագրերի և նույնականացման հուսալի համակարգերի ներդրումը, որոնք թույլ կտան կանխել կեղծիքները և պաշտպանել անձնական տվյալները։

Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն իրականացվում է հստակ կառուցվածքային գործընթացի շրջանակում՝ ներառելով առանցքային ոլորտներում բարեփոխումների հստակ հենանիշներ, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան, իրավապահ գործունեությունը և մարդու իրավունքները։ Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրումը շոշափելի առաջընթաց է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են այս կարևոր իրադարձության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

Եվրոպական միությունն ուրախ է աջակցել այս կարևոր բարեփոխմանը՝ Հայաստանի համար «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում։

Առաջիկա տարում բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կհատկացվի ավելի քան 6 միլիոն եվրո, իսկ Լիտվայի ՆԳ նախարարության կողմից իրականացվող 2 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի միջոցով տրամադրում է տեխնիկական աջակցություն։

Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ Այն հիմնված է գործողությունների ծրագրի վրա, որը ներառում է բարեփոխումների հստակ նպատակներ չորս ուղղությամբ՝

  • Ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն

  • Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում

  • Հասարակական կարգի և անվտանգության հարցեր

  • Ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքներ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

1/2975
bottom of page