top of page

Նրանց, ովքեր ասում են, որ քահանայական օծումը չի ջնջվում

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 2 min read

ree

Հռոմեակաթոլիկները զարգացրել են մի ամբողջ ուսմունք ձեռնադրության խորհրդի, այսպես կոչված, անջնջելի բնույթի մասին: Քահանայական ձեռնադրության անջնջելիությունը, այսպիսով, բացառապես Կաթոլիկ Եկեղեցու ուսմունք է, որը հաստատվել է Տրիդենտյան ժողովում եւ գործադրումն է այդ ժողովի որոշումների: Սույն ժողովր (լատ.՝ Concilium Tridentinum) Կաթոլիկ Եկեղեցու 19-րդ տիեզերական ժողովն է՝ գումարված 1545-1563 թթ.: Նշյալ ժողովի որոշումները տարածվում են ժողովր գումարած Եկեղեցու եւ միջնադարյան այդ ժողովի որոշումներն ընդունողների վրա:

Այսպիսով, քահանայական ձեռնադրության անջնջելիության ուսմունքը կաթոլիկ «տիեզերական» ժողովի ուսմունքն է: Օրինական շնորհատու ձեռնադրություն ստացած քահանան կաթոլիկության մեջ, ըստ ընկալյալ տեսակետի, անձնապես դառնում է շնորհի ինչ-որ ինքնուրույն աղբյուր՝ թեկուզ եւ ուրիշներից ստացած իրավահաջորդությամբ: Եթե դրան նաեւ ավելացնենք շնորհի անջնջելիության մասին ուսմունքր, ապա կստացվի, որ քահանան կարող է բաժանվել եկեղեցական իշխանությունից, արգելված լինել, կարող է բոլորովին հեռանալ քրիստոնեությունից, դառանալ օրինակ՝ օկկուլտիստ կամ բացահայտ անաստված, բայց եւ այնպես, մնալ քահանա՝ պահպանելով առաքելական ձեռնադրությունը:

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ եպիսկոպոսը, ձեռնադրություն կատարելով, փոխանցում է իր անձնական եւ ոչ թե եկեղեցական շնորհը, եւ դրա համար էլ այնքան կարեւոր չէ՝ համաձայնության մե՞ջ է նա իր Եկեղեցու հետ, թե՞ հեռացել է նրանից:

Այս ընկալումով քահանայության շնորհն ստացվում է ոչ թե Եկեղեցուց, այլ ձեռնադրողներից, որոնք կարող են եւ իրավական առումով Եկեղեցու հետ որեւէ կապ չունենալ: Եվ ստացվում է, որ ձեռնադրյալն իր հերթին կլինի շնորհի ինքնուրույն կրող, որից կարող է օգտվել ըստ իր հայեցողության՝ բոլորովին հաշվի չնստելով իրեն ձեռնադրողների ո՛չ ուսմունքի, ո՛չ ցանկությունների հետ:

Եթե քահանայության շնորհն իրենից ներկայացնում է ապրանքի նման ինչ-որ բան, ապա պատճառ չկա, թե ինչու այդ ապրանքից չի կարող օգտվել յուրաքանչյուրը, ով ունակ է, ընդ որում, կարեւոր չէ, թե ինչ միջոցներով:

Իսկ ձեռնադրության անջնջելի բնույթը, ըստ Ուղղափառ Եկեղեցու վարդապետության, նշանակում է միայն այն, որ այդ խորհուրդը չի կարող միեւնույն կերպով կրկնվել միեւնույն անձի վրա»: Սա նշանակում է, որ կրկնամկրտություն կամ կրկնաձեռնադրություն չի կատարվում, քանզի հակառակ դեպքում աստվածաբանական ընկալումով ընդունելի կլիներ, որ անձի անարժանության, պղծության պարագային եղծվում է նաեւ նրան տրված աստվածային շնորհը, եւ այն պետք է կրկնել՝ շնորհը շտկելու կամ սրբելու համար: Այդ պատճառով էլ ոչ թե քահանայության կամ մկրտության անջնջելիությունն է հաստատագրվում, այլ՝ շեշտվում է աստվածային շնորհի անեղծանելի բնույթր:

Տեր Ադամ քահանա Մակարյան

bottom of page