ՄԵՐ ԲՈՄԺ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՍՈՒՄ Ա՝ ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ, ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ․ 20 ՄԻԼԻՈՆԻ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԵՑԱԾ ՖԵՐՄԱՅԱՏԵՐԸ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ
- Ani

- Sep 25, 2024
- 2 min read

Օգոստոսի 9-ին գիշերը՝ 00։00-ին Սյունիքի մարզի Տոլորս գյուղում գտնվող Գևորգ Գասպարյանի 400 քառակուսի մետր տարածքով անասնագոմն այրվել է։ Մեզ ահազանգած Գևորգը պատմեց, որ հրդեհի մեջ են մնացել բոլոր անասունները՝ 26 խոշոր եղջերավոր, 250 տուկ, մեկ միլիոն դրամ արժողությամբ տանիքի ծածկ եւ այլն։
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը 20 միլիոնի դրամի կորուստ է ունեցել։ Նա կարծում է, որ հրդեհը պատահաբար չի առաջացել, դիտավորություն կա, իսկ թե ով է արել, չի կարող ասել․ «Պատճառը հայտնի չէ, ոստիկանությունը չի աշխատում, իրենք գիշերը եկել են ստեղ, արձանագրել են, թե իբր հոսանքի անփութություն է եղել, մենք պացուցել ենք, որ դա հոսանքից չէ, ես նույնիսկ ԱԻՆ-ի գրածն ունեմ, որ ասում են՝ անփութություն չէ։ Դիտավորություն է դա անպայման, ես վստահ եմ դրանում»։
Ֆերմայի տերը դիմել է պաշտոնյաների, ծանոթի միջոցով նամակ է հանձնել Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, նամակ է ուղարկել նաեւ կառավարություն, պատասխանը եկել՝ չեն կարող օգնել․ «Փաշինյանը երբ եկել ա Սյունիք, ես ծանոթի միջոցով հասցրել եմ այն Աննա Հակոբյանին, ինքն էլ ասել ա՝ կտամ նամակը։ Ես հետո նամակ եմ ուղարկել Կառավարություն, ինձ հետ ա եկել պատասխան, որ չեն կարող օգնել»։
Սիսիանի քաղաքապետարանն էլ եւս ոչինչ չի ձեռնարկել․ «Սիսիանի քաղաքապետարանից ձեռները դրած հետևները եկել են, ինձ ասում են՝ նկարի, նկարները կուղարկես, մենք հայտը կներկայացնենք Սյունիքի մարզպետարան, բայց ես գնացել եմ քաղաքապետարան, ինձ չեն հասել՝ նկարները տուր, հետո իմացա, ոչ դեպքից մի ամիս են հետո են հայտն ուղարկել մարզպետարան․․․․ Մեր բոմժ քաղաքապետին ասում եմ, ասում՝ ա եղունգ ունես, գլուխդ քորի, ինքն էլ իմ համագյուղացին ա։»։
Ֆերմայի տերն այժմ վերականգնում է այն, վարկեր է վերցրել․ «Ես ավելի լավ դուս գամ էս երկրից, ուրիշ պետության համար աշխատեմ։ Ես 20 հեկտար հող ունեմ, հարկերը միշտ տվել եմ, բայց հիմա հարցի առաջ եմ կանգնել, բա պետությունն ինձ 1 միլիոն չտա՞, որ ես վերականգնեմ ֆերման»։
Գևորգը վերջում ավելացրեց, որ նախկինում նպատակ է ունեցել գործարան հիմնելու, աշխատատեղեր բացելու, բայց այս դեպքից հետո հիասթափվել է։




















