top of page

Ադրբեջանական զինուժն ամրապնդել է դիրքերը Սև լճի օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

1 hour ago
1 min read

Ադրբեջանի զինված ուժերը, «Սպուտնիկ Արմենիա»-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն, 2024-2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Հայաստանի տարածքում՝ Ջերմուկի մերձակայքում։

Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։


2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։

Քարտեզում առանձնացված են ինժեներական աշխատանքների հիմնական հատվածները, սակայն ոչ բոլորը։

Նշված են նաև տվյալ շրջանում ադրբեջանական (AZ) և հայկական (ARM) դիրքերի տեղակայման վայրերը։ Որպես ադրբեջանական դիրքերի ամրապնդման օրինակ դիտարկենք դրանցից մեկը։ Այս հատվածում փոփոխությունները տեղի են ունեցել 2024-2025 թվականներին։


Նշված դիրքերը գտնվում են Հայաստանի տարածքում նաև ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների համաձայն։ Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստն են նախաստորագրել։  

1/2968
bottom of page