top of page

ԱՄՆ-ում հղի կալանավորուհին բժշկին այցելելուց հետո փախել է ոստիկանական մեքենայով

2 hours ago
1 min read

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում հղի կալանավորուհին բժշկի ընդունելությունից հետո բանտ վերադառնալու ճանապարհին փախել է կալանքից՝ տիրանալով ոստիկանական մեքենային, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով նահանգի քրեակատարողական հիմնարկների վարչությանը։

26-ամյա Ռեբեկա Թեյլորը տիրացել է Dodge Journey մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի, երբ իրեն ու մեկ այլ կալանավորուհու ուղեկցող աշխատակիցները կանգ են առել Ալբուկերկեում՝ սնունդ գնելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան։ Ավելի ուշ հայտնաբերվել են մեքենան և Թեյլորի բանտային համազգեստը, սակայն կնոջը դեռ չեն ձերբակալել։

Քրեակատարողական հիմնարկների վարչության տվյալներով՝ Թեյլորը պատիժ էր կրում գողությունների և հանցագործություն կատարելու նպատակով ուրիշի տարածք ներխուժելու մի քանի մեղադրանքներով։

Ինչպես հայտնում է Albuquerque Journal պարբերականը, Թեյլորը հղիության երկրորդ եռամսյակում է։ Այդ պատճառով տեղափոխման ժամանակ նրան ձեռնաշղթաներ չեն հագցրել, պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչ Բրիթանի Ռեմբախը։

Նրա պատմելով՝ նախնական տվյալներով՝ փախուստի պահին աշխատակիցներից մեկը գտնվել է ավտոմեքենայի կողքին, ոչ թե ներսում։ Մյուս կալանավորուհին, որը նույնպես վերադառնում էր բժշկի ընդունելությունից, կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից, երբ Թեյլորն անցել է ղեկին։

Փախուստից հետո Նյու Մեքսիկոյի բոլոր բանտերում մեկուսացման ռեժիմ է սահմանվել, որը չեղարկվել է հինգշաբթի՝ 06։00-ին։ Սակայն այն հաստատությունում, որտեղ պահվում էր Թեյլորը՝ Արևմտյան Նյու Մեքսիկոյի ուղղիչ կենտրոնում, տեղաշարժի սահմանափակումները շարունակում են գործել, իսկ տեսակցությունները ժամանակավորապես արգելված են։

Իշխանությունները մի քանի գերատեսչությունների մասնակցությամբ որոնողական գործողություն են իրականացնում։ Քաղաքացիներին կոչ է արվել Թեյլորին նկատելու դեպքում չմոտենալ նրան և անհապաղ հայտնել ոստիկանությանը։

1/3011
bottom of page