COP-17-ին չլսվեց հասարակության ձայնը, բաց մնաց Արցախի հարցը. Բնապահպան

Մի քանի օր առաջ ավարտվեց Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որն անցկացվում էր Երևանում։
Aysor.am-ը COP17-ն ամփոփել է «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։
Բնապահպանը հիշեցնում է՝ COP17-ի ընթացքում քննարկվում էին համաշխարհային բնապահպանական խնդիրներ՝ կենսաբազմազանություն, օվկիանոսներ, սառցադաշտեր, կլիմայի փոփոխություն, սակայն Հայաստանի համար սա նաև հնարավորություն էր ներկայացնելու երկրի բնապահպանական խնդիրները, ինչը չեղավ։
«Հայաստանում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կան, և հասարակական կազմակերպություններից շատերը նշանակալի հայտարարություններ արեցին և խոսեցին բնապահպանական խնդիրների մասին։ Ցավոք, COP17-ը խեղաթյուրվեց մեր երկրի ղեկավարի կողմից. հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում անցկացվում էր բնապահպանական համաշխարհային նշանակության միջոցառում, հայտարարվեց այնպիսի հանքի բացման մասին, որի հնարավոր վնասների մասին բոլորը շատ լավ գիտեն։
Ի պաշտպանություն Ամուլսարի COP17-ի ընթացքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, բնապահպաններին թույլ չտվեցին մուտք գործել կանաչ և կապույտ գոտիներ միայն այն պատճառով, որ նրանց շապիկների վրա գրված էր՝ «Փրկենք Ամուլսարը», դրան հաջորդեցին հետապնդումներ։ Սա, իհարկե, խիստ բացասական ազդեցություն ունեցավ ընդհանուր իրավիճակի վրա։ Մենք ուզում էինք երթ կազմակերպել, սակայն մեզ թույլ չտվեցին։ Մի կերպ կարողացանք փոքր ակցիա իրականացնել, ունեցանք երկու ելույթ, որոնց ընթացքում խոսեցինք Ամուլսարի մասին»։
Սիլվա Ադամյանն ընդգծում է, որ իրենց համար կարևոր էր, որ ժողովուրդը լսի քաղաքացիական հասարակության ձայնը, իսկ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի հանքի շահագործման աղետալի հետևանքներին։
«Թե որքանով այս ամենն ազդեցություն կունենա, և միջազգային հանրությունը որքանո՞վ կփորձի աջակցել խնդրի լուծմանը, ես առանձնապես հույսեր չունեմ, ավելին՝ խիստ կասկածներ ունեմ։ Այդ մարդիկ եկել էին կենսաբազմազանության խնդիրները բարձրաձայնելու, և նրանց քննարկումները հիմնականում վերաբերում էին գլոբալ խնդիրներին, և երբ մենք բարձրացնում էինք Հայաստանին առնչվող կոնկրետ բնապահպանական խնդիրները, որևէ գործնական աջակցություն կամ խնդրի լուծմանն ուղղված քայլեր չտեսանք։ Օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն մենք չտեսանք։ COP-17-ին խոչընդոտվեց հասարակության ձայնը, բաց մնաց Արցախի հարցը»։
Բնապահպանի գնահատմամբ՝ պարզապես եվրոպական և արևմտյան բարեպաշտություն է․ ասում են՝ այո՛, մենք ձեզ հետ ենք, բայց իրականում այլ բան է կատարվում։
«Հաջորդ կարևոր հարցը արցախցիներին մասնակցությունից զրկելն էր։ Խոսում էին բնիկ ժողովուրդների ներկայացվածությունից, բայց ինչո՞ւ արցախցին չպետք է հնարավորություն ունենար ներկայացնելու իրեն։ Այս դրվագով միջազգային հանրությունը ցույց տվեց Արցախի բռնի տեղահանման, արցախցիների վերաբերյալ իր վերաբերմունքը։ Որքան էլ որ Եվրոպան անտարբեր է, եթե մեր պետական այրերը ցանկություն ունենային, որ Արցախը տաղավար ունենար, այդպես էլ կլիներ։ Բայց մեր կառավարությունը նապաստակի պես վախկոտ գտնվեց, իսկ արցախցիներն իհարկե, չկոտրվեցին։ Նրանք շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպեցին՝ միջազգային հանրությանը ցույց տալով իրենց մշակույթն ու ազգային ինքնությունը։
Քաղաքականացված լինելու ևս մեկ օրինակ բերեմ. շատ մեծ խնդիր ունենք Շիկահողի արգելոցում։ Ադրբեջանցիները մտել են տարածք և այնտեղ ծառեր են հատում։ Մեր գործընկերները ներկայացրել էին արբանյակային լուսանկարներ, որոնցով երևում էր, թե որքան խորն են մտել Ադրբեջանի ներկայացուցիչները մեր տարածք և ինչ վնասներ են հասցվում անտառային հատվածներին։ Այս հարցը բարձրացվել էր COP17-ից առաջ կայացած հանդիպման ընթացքում, սակայն համաժողովի կազմակերպիչներից մեկի ներկայացուցիչն ասել էր, որ դա քաղաքական հարց է, և ինքը չի անդրադառնա դրան»։
Անդրադառնալով 500 միլիոն դոլարի ֆինանսավորմանն ու դրա նպատակային օգտագործմանը, Սիլվա Ադամյանը նշում է.
«Նախարարը հայտարարեց, որ բնապահպանական խնդիրների լուծման համար 500 միլիոն դոլար պետք է հատկացվի 30 երկրների․ թե այդ գումարից որքան կհասնի Հայաստանին և որքան նպատակային կծախսվի՝ պարզ կլինի հետագայում։ Մինչև ծրագրերը չներկայացվեն, չտեսնենք և մշտադիտարկում չիրականացնենք, չենք կարող հասկանալ՝ արդյոք ծրագիրն արդյունավե՞տ է, արդյոք գումարներն օգտագործվո՞ւմ են նպատակային»։
Սիլվա Ադամյանը նաև տեղեկացնում է, որ Ամուլսարի համար պայքարը շարունակվելու է, լինելու է նաև փողոցային պայքար։




















