Գլխավոր նպատակս շարունակում է մնալ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելը և ՀՀ եռագույնը պատվով բարձրացնելը. Սարգիս Ստեփանյան

Պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում Սարգիս Ստեփանյանը, հանդես գալով մինչև 80 կգ քաշային կարգում՝ նստած սպորտային դասակարգմամբ, նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հաղթանակի, անցած ճանապարհի և առաջիկա նպատակների մասին Tert.am-ը զրուցել է Սարգիս Ստեփանյանի հետ։ Մարզիկը նշում է, որ պարաբազկամարտի 28-րդ աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները բավականին լուրջ էին և նպատակային, քանի որ պայքարում էր աշխարհի չեմպիոնի 5-րդ տիտղոսի համար։
«Իմ գլխավոր նպատակն էր ոչ միայն հերթական անգամ նվաճել չեմպիոնի կոչումը, այլև պահպանել արդեն նվաճած դիրքս, չզիջել աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ևս մեկ անգամ ապացուցել, որ կարող եմ մնալ լավագույնների շարքում: Չեմպիոն դառնալը մեծ աշխատանք է պահանջում, իսկ չեմպիոնական դիրքը պահպանելը՝ առավել մեծ պատասխանատվություն, կարգապահություն և հետևողականություն»-ասում է նա՝ մեզ հետ զրույցում:
Նախապատրաստական աշխատանքների մասին խոսելիս մարզիկը նշում է, որ մարզչի՝ Գևորգ Ստեփանյանի հետ իրականացրել են ինտենսիվ և համակարգված մարզումներ՝ մեծ ուշադրություն դարձնելով ուժային և տեխնիկական պատրաստվածությանը, մրցակցային տակտիկային ու հոգեբանական պատրաստվածությանը։
«Այս հաղթանակն ինձ համար նաև շատ անձնական նշանակություն ուներ։ Նոյեմբերի 1-ը հայրիկիս ծննդյան օրն էր։ Այդ հանգամանքն ինձ համար լրացուցիչ ուժ և մոտիվացիա էր։ Ես ինձ ավելի պարտավորված էի զգում հաղթելու, որպեսզի այս կարևոր մարզական ձեռքբերումը նվիրեմ հայրիկիս՝ որպես ծննդյան օրվա առանձնահատուկ նվեր։ Ուրախ եմ, որ կարողացա իրականացնել այդ նպատակը և աշխարհի չեմպիոնի իմ հինգերորդ տիտղոսը նվիրել նրան»-մանրամասնում է նա։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սարգիս Ստեփանյանը նշում է՝ Ինչ վերաբերում է պետք է սկսեն նախապատրաստվել 2027 թվականի Եվրոպայի պարաբազկամարտի առաջնությանը՝ պահպանելով մարզական բարձր մակարդակը և շարունակելով պայքարը՝ չեմպիոնական նոր տիտղոսների համար։
«Իմ գլխավոր նպատակը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելը, նոր հաջողություններ գրանցելը և Հայաստանի եռագույնը միջազգային մարզական հարթակներում պատվով բարձրացնելը։ Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ թե ավարտ է, այլ նոր պատասխանատվություն և հաջորդ նպատակին հասնելու հերթական քայլ»-ասում է մարզիկը։




















