top of page

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

1 hour ago
1 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի։

Հանդիպմանը Էնրիկո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը, հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։ Նորին Սրբությունը հավելեց, որ հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները։

Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ խոսեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում արդյունավոր գործակցության մասին՝ ընդգծելով, որ այս այցը ևս եղբայրական այդ կապերի վկայությունն է։ Նորին Սրբությունը կարևորեց այսօրինակ ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, արդի ժամանակներում Հայոց Եկեղեցու հոգևոր-կրթական առաքելությանը։

1/2952
bottom of page