top of page

Լարվածություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև․ Բաքուն կոշտ նախազգուշացում է հղել Էրդողանի թիմին

12 minutes ago
1 min read

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հայտարարություններին։


Կուսակցությունը հայտարարել է, որ թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում՝ իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցներում, պարբերաբար կեղծ և զրպարտչական տեղեկություններ են տարածվում Ադրբեջանի մասին։ Առանձնակի վրդովմունք է առաջացրել այն հանգամանքը, որ այդ արշավին մասնակցում են Թուրքիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ։


Կուսակցությունը մերժել է Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Բաքվի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ հիշեցնելով Պաղեստինին հետևողականորեն աջակցելու, մարդասիրական օգնություն տրամադրելու և երկու պետությունների սկզբունքին հավատարիմ մնալու մասին, որի համաձայն՝ Պաղեստինի մայրաքաղաքը պետք է լինի Արևելյան Երուսաղեմը։


Կուսակցությունն ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, իսկ դպրոցական համազգեստի և կրոնական հագուստի հետ կապված հարցերը վերաբերում են նրա ներքին քաղաքականությանը։


«Ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրելու այլ մահմեդական ժողովուրդներին, միջամտելու նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասելու», - ասվում է հայտարարության մեջ։


Կուսակցությունը նաև դատապարտել է նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցված վիրավորանքները և հիշեցրել, որ «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը ենթադրում է երկու անկախ պետությունների գոյություն, այլ ոչ թե մեկի իրավունքը՝ միջամտելու մյուսի գործերին։


«Նոր Ադրբեջան»  կուսակցությունը Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել հրաժարվել նման քաղաքականությունից, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել Բաքվի և Անկարայի հարաբերություններին։

1/2941
bottom of page