Պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքները արտոնություններ են ստացել

Քաղաքացիների որոշակի խմբի համար սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գույքահարկի արտոնություններ են սահմանվել 58 122 686 դրամի (խմբ.՝ շուրջ 160 հազար դոլար) չափով հարկային պարտավորություններից ազատման տեսքով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում։
Արտոնություններից օգտվելու հնարավորություն են ստացել Արցախում և Հայաստանում տեղի ունեցած պատերազմական գործողությունների տարիներին կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական պարտականությունները կատարելիս կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամները, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքները։
Արտոնություններ են սահմանվել նաև Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների, ինչպես նաև հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ կորած կամ զոհված ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքների անդամների) համար։




















