Լուծե՛ք խցանումների հարցը՝ առանց կրթությանը դիպչելու. Ատոմ Մխիթարյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է՝ մայրաքաղաքում խցանումներից խուսափելու համար պետք է արգելել, որ երեխաներն իրենց բնակության վայրերից կամ ծնողների աշխատավայրերից հեռու գտնվող դպրոցներում սովորեն։ Ըստ նրա՝ հարցը պետք է դնել հանրային քննարկման։
«Անթույլատրելի է կրթության իրավունքը սահմանափակելը»,- ընդգծում է Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Այսքան տարի զբաղվում եմ կրթության հիմնախնդիրներով, լուծումներով, սակայն ոչ մի անգամ չեմ լսել, որ օրենքով կարելի է արգելել ծնողներին՝ իրենց երեխային տանել այս դպրոցը և ոչ թե մյուս դպրոցը։
Նման բաներ ասողները պետք է գիտակցեն, որ կրթությունը և կրթություն ստանալու իրավունքն ամենաբարձր իրավունքն է, և չի կարելի կշեռքի նույն նժարին դնել կրթությունը և խցանումների խնդիրը։ Պարզապես անթույլատրելի է նման վերաբերմունք ունենալ կրթության նկատմամբ։
Այս կառավարության կողմից այսպիսի վատ վերաբերմունքն է հանգեցրել նրան, որ Հայաստանը տարածաշրջանում դարձել է ամենաանգրագետ աշակերտներ ունեցող երկիրը։
Իսկ սա նշանակում է, որ սրանից հետո մենք լինելու ենք ամենաթերզարգացած պետությունը, որովհետև առանց կրթության ու գրագիտության հանարավոր չէ զարգացնել տնտեսությունը և մնացած այլ ոլորտները»,- նշում է նա։
Փորձագետը նաև հիշեցնում է՝ նույն՝ խցանումները կրճատելու պատճառաբանությամբ անցած տարվանից, Տիգրան Ավինյանի առաջարկով, դպրոցներում դասերը 08։30-ի փոխարեն 08։15-ին են մեկնարկում․
«Այդ ժամանակ էլ Ավինյանը հավաստիացնում էր, որ այդ փոփոխությունը կարող է բերել խցանումների մեղմացմանը։ Հիմա հարց՝ արդյոք դա բերե՞ց մեղմացմանը, թե՞ ընդհակառակը՝ խցանումներն ավելի շատացան։ Հեռ՛ու մնացեք կրթությունից և մի՛ շահարկեք կրթական խնդիրները։ Չի կարելի կրթությունը համեմատել խցանումների, մարդկանց տեղաշարժի և մնացած նման հարցերի հետ»։
Ատոմ Մխիթարյանը հարց է բարձրացնում՝ գուցե Ավինյանը խցանումների հարցը լուծելու իր նորարարություններով «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հիմնադիր Աննա Հակոբյանի՞ն է արձագանքում․ վերջին օրերին նա ակտիվորեն քննարկում է Երևանում խցանումների խնդիրը և դրանք համարում խիստ նյարդայնացնող․
«Գուցե սա պատասխան է այն կնոջը, ով խցանման մեջ էր մնացել, և որի նյարդերը քայքայվո՞ւմ էին, գուցե սա պատասխան է նրան, ով պատասխանատու էր վերջերս սկսված «նորաձև կրթության» համա՞ր։ Միգուցե քաղաքական մակարդակում անդրադա՞րձ է այս ամենին, այսինքն՝ եկեք կրթությունը զոհենք, որպեսզի ինչ-որ մեկը խցանումների մեջ չմնա։ Սա անթույլատրելի մոտեցում է, և պետք է կառավարությունից պահանջել՝ առանց կրթությանը որևէ ձևով դիպչելու, լուծել այդ հարցը, եթե իհարկե, ուզում են լուծել»։




















