13-ամյա երեխային իջեցրել են ավտոբուսից և թողել կանգառում

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանն ահազանգում է, որ իր 13–ամյա դստերն իջեցրել են հանրային տրանսպորտից և թողել մեկ այլ կանգառում՝ «քարտի վրա գումար չլինելու» պատճառով, այնինչ նրա փոխարեն վճարած է եղել հայրը։ Այս մասին փոխանցում է «Արմատ Մեդիա»-ն։
«Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում միայնակ ու կորել գրողի ծոցը»,– գրել է անչափահասի մայրը՝ հարցեր ուղղելով Երևանի քաղաքապետարանին։
«Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն֊մենակ թողնել փողոցում։ Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը։ Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն»,– գրել է նա։
Ստեփանյանը պահանջել է նույնականացնել տվյալ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել։




















