Փոլ Մաքքարթնին դարձել է աշխարհում երրորդ միլիարդատեր երաժիշտը

«The Beatles» ռոք խմբի հիմնադիրներից մեկի՝ Փոլ Մաքքարթնիի կարողությունը հասել է 1,4 միլիարդ դոլարի. նա մտել է աշխարհի ամենահարուստ երաժիշտների լավագույն եռյակի մեջ: Այս մասին հայտնել է Forbes-ը:
84-ամյա Մաքքարթնին զիջում է միայն ռեփեր Ջեյ Զիին, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 2,8 միլիարդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ 2 միլիարդ դոլարով:
Մաքքարթնիի բիզնեսի հիմքը դարձել է «MPL Communications» ընկերությունը, որը հիմնադրվել է 1969 թվականին՝ «The Beatles»-ի փլուզումից կարճ ժամանակ առաջ, գրում է Forbes-ը: Այն Մաքքարթնիին թույլ է տվել վերահսկել իր մենակատարային կարիերայի ստեղծագործությունների ու ձայնագրությունների իրավունքները և դրանցից ստանալ եկամուտների մեծ մասը: Երաժիշտը նաև սկսել է գնել ուրիշի երգերի հեղինակային իրավունքները շատ ավելի վաղ, քան երաժշտական կատալոգները կդառնային հայտնի ներդրումային ակտիվ, նշում է ամսագիրը:
Մաքքարթնիի ձեռքբերումների թվում Forbes-ը նշում է Բադդի Հոլլիի երգերի կատալոգը, բրոդվեյյան մյուզիքլների երաժշտությունը և սուրբծննդյան ստեղծագործությունների իրավունքները: Նրա կատալոգում են «It’s Beginning to Look a Lot Like Christmas», «The Christmas Song» և «Baby, It’s Cold Outside» երգերը:
Ընդհանուր առմամբ MPL-ին են պատկանում հազարավոր երգերի իրավունքներ, գրում է ամսագիրը: Դրա տարեկան հասույթը, Forbes-ի գնահատմամբ, կարող է կազմել տասնյակ միլիոնավոր դոլարներ, իսկ բիզնեսի արժեքը՝ առնվազն 250 միլիոն դոլար:
Մաքքարթնիի եկամուտների ևս մեկ աղբյուր է «The Beatles»-ի «Apple Corps» հոլդինգը: Բազմամյա դատական քաշքշուկներից և ձայնագրման ընկերությունների հետ համաձայնագրերի վերանայումից հետո նա տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար է ստանում լսումներից, վինիլային ձայնապնակների և խմբի խորհրդանիշներով ապրանքների վաճառքից, գրում է Forbes-ը:
Ավելին, Forbes-ը գնահատում է Մաքքարթնիին պատկանող «The Beatles»-ի իր հեղինակած երգերի հեղինակային իրավունքները: ԱՄՆ-ում իրավունքների վերադարձման համար մղված պայքարից հետո դրանք երաժշտին բերում են տարեկան առնվազն 10 միլիոն դոլար և արժեն նվազագույնը 200 միլիոն դոլար:
Դեռևս 2024 թվականի մայիսին «The Times»-ը Մաքքարթնիին անվանել էր բրիտանացի առաջին միլիարդատեր երաժիշտը: Այն ժամանակ պարբերականը երաժշտի և նրա կնոջ՝ Նենսիի համատեղ կարողությունը գնահատել էր 1 միլիարդ ֆունտ ստերլինգ, կամ մոտ 1,27 միլիարդ դոլար: Աճի պատճառների թվում թերթը նշում էր մշտական շրջագայությունները և «Cowboy Carter» ալբոմում Բեյոնսեի կատարմամբ «The Beatles»-ի «Blackbird» երգի ռեմեյքի թողարկումը:
2017 թվականի հունվարին Մաքքարթնին հայց էր ներկայացրել «Sony/ATV»-ի դեմ՝ պահանջելով վերադարձնել 1962–1971 թվականներին միայնակ կամ Լենոնի հետ համատեղ գրված ստեղծագործությունների իրավունքները: Երաժիշտը վկայակոչում էր ամերիկյան օրենսդրությունը, որը հեղինակներին թույլ է տալիս սահմանված ժամկետից հետո հետ վերցնել նախկինում փոխանցված իրավունքները:




















