Բոլորս էլ պայքարելու ենք, որ ալիևյան սահմանադրությունը չընդունվի․ Արտակ Բեգլարյան

«Հայաստանի իշխանությունների կողմից պատշաճ հարգանքի չեն արժանանում ո՛չ զոհվածների ընտանիքները, ո՛չ պատերազմի մասնակիցները, հակառակը, արժեզրկվում են հայրենիքի համար ցանկացած պայքար և պայքարած անձանց ներդրումն ու վաստակը, ու սա՝ իշխանության բարձրագույն մակարդակով»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար, ՄԻ նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Բաքվում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ էլ, ինչպես ընդգծել է Արտակ Բեգլարյանը, բավարար ջանքեր չեն գործադրվում․
«Ավելին ասեմ․ շատ հնարավորություններ կան, որոնք իշխանությունները չեն իրացնում, և սա լրացուցիչ ապացույց է, որ նրանք չեն ցանկանում գերիների վերադարձը, կամ առնվազն՝ նրանց մի մասի վերադարձը»։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, որոնք նախաձեռնել է գործող իշխանությունը, ապա արցախցիներն էլ են պայքարելու դրա դեմ, քանի որ վստահ են՝ թելադրված է Ադրբեջանի կողմից։ Այս առնչությամբ Բեգլարյանը նշել է․
«Բոլորս պայքարելու ենք, որ ալիևյան սահմանադրությունը չընդունվի․ թե ինչ խայծերով, ինչ փաթեթավորմամբ դա կլինի, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար»։




















