top of page

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

8 minutes ago
1 min read

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է հայ և թուրք լրագրողների ու մեդիաոլորտի մասնագետների 12-օրյա մեդիաշրջայց։

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկած շրջայցին մասնակցում են 14 ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր երկրից յոթական։ Հոկտեմբերի 18-ից ծրագիրը շարունակվում է Հայաստանում։

Մեդիաշրջայցի ընթացքում մասնակիցներն այցելում են արտադրական ձեռնարկություններ, ծանոթանում տնտեսական կառույցների գործունեությանն ու ներուժին, հանդիպումներ ունենում լրատվամիջոցների խմբագրակազմերի, հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների հետ։

Հոկտեմբերի 22-ին հայ և թուրք լրագրողները Երևանում՝ Եվրասիա հիմնադրամի գրասենյակում, հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ։

Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է հայ-թուրքական սահմանի բացումը։ Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրել են սահմանի բացման հնարավոր ժամկետները, երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքների գործարկման համար անհրաժեշտ ներդրումները, ինչպես նաև գործընթացի ձգձգման պատճառները։

ՀԱԳՄ-ի փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ թուրք լրագրողները մեծ տպավորություն են ստացել հայկական արտադրական ձեռնարկություններ այցելելուց։ Նրանք, նրա փոխանցմամբ, կարևորել են սահմանի հնարավորինս շուտ բացումը՝ այն դիտարկելով որպես մարդկային շփումների ընդլայնման և երկու երկրների բիզնեսների միջև համագործակցության զարգացման հնարավորություն։

Նույն օրը հայ և թուրք լրագրողների խումբն այցելել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող «Կանաչ գոտի»։ Մասնակիցները ծանոթացել են ՀԱԳՄ-ի տաղավարում ներկայացված ընկերությունների գործունեությանը, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև շրջել այլ տաղավարներում։

Մեդիաշրջայցի շրջանակում նախատեսված հանդիպումներն ու միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ՀԱԳՄ-ն իրականացնում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) և «Հրանտ Դինք» հիմնադրամի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

bottom of page