Որպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Սեպտեմբերի 27-ը իմ կյանքի ամենածանր օրերից մեկն է. այդ օրը պատերազմ սկսվեց, և ես՝ որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ, գրել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
«Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։
Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։
Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները…
Եվ հասկանում եմ, որ որոշ վերքեր ժամանակը չի բուժում։
Այսօր ես նրանց հիշում եմ ոչ միայն արցունքով, այլև աղոթքով։
Թող Աստված ընդունի նրանց լուսավոր հոգիները և խաղաղություն պարգևի նրանց։
Իսկ մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ նրանց հիշատակը երբեք չկորցնենք։
Իմ սիրելի եղբայրներ, դուք միշտ լինելու եք իմ սրտում»,- նշել է Տեր Հայրը։




















