top of page

Երբ ՔՊ-ի համար սրտիկներ անողը դպրոցի տնօրեն է, պարզ է, որ հերոսների անկյունը պետք է հեռացվի

13 hours ago
2 min read

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությունն այն մասին, թե ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական, գեղեցիկ հնչող ձևակերպում է, որը, սակայն, գետնի վրա ստացել է այլ՝ ծայրահեղ վտանգավոր դրսևորումներ։

Մինչ նախարարությունը բարձրաձայնում է դասաժամերին հնարավոր քաղաքական քարոզների ու հակաքարոզների դեմ պայքարելու և ուսուցիչներին աշխատանքից հեռացնելու սպառնալիքով սանձահարելու մասին, նույն կրթական համակարգի ներսում սկսել է իրականացվել շատ ավելի մտահոգիչ և համակարգային մի գործընթաց․ դպրոցներից ու հանրային վայրերից համառորեն և մեթոդաբար ջնջվում են մերօրյա հերոսների հիշատակին նվիրված հետքերը:



Այս վտանգավոր միտման ցայտուն ապացույցներից է Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում տեղի ունեցածը։ 2025 թվականի նոյեմբերին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այնուհետև արդեն տնօրեն նշանակված Գոհար Հովհաննիսյանի օրոք դպրոցից անհետացել է տարիներ շարունակ գոյություն ունեցած հերոսների փառքի անկյունը։ Այդ պատին ներկայացված էին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տանկիստ Վահե Զաքարյանի և 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայողների լուսանկարները, որոնց մոտ տարիներ շարունակ աշակերտներն ու ուսուցիչները ծաղիկներ են խոնարհել ապրիլի 2-ին, սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 12-ին։ Եվ այս ամենը ոչնչացվել է ցինիկ և անհեթեթ պատճառաբանությամբ՝ իբր «պատը բաց և մաքուր թողնելու» համար։ Այսինքն՝ ազգային արժանապատվության և հիշատակի համար սրբավայր դարձած անկյունը զոհաբերվել է ինչ-որ վարչական չոր ու ցամաք, «մաքուր» ինտերիերի ստանդարտներին: Իհարկե, երբ ուսումնասիրում ենք տնօրենի կենսագրությունը, հասկանալի է դառնում քայլերի տրամաբանությունը․ նա մոլի ՔՊ-ական է։ Մարդ, ում էջը լի է փաշինյանական սրտիկներով, և ըստ աղբյուրների, դպրոցում էլ «Նիկոլն ազգի հերոս է» տրամադրություն է տիրում։



Այս երևույթը մեկուսացված կամ պատահական միջադեպ չէ, այլ ավելի լայն, անհանգստացնող շղթայի մի մասն է։ Հիշենք նաև սեպտեմբերյան դեպքերը Երևանում, երբ «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացվել էր 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի և խորհրդանշական պատկերը։ 19-ամյա հերոսի նկարը, որը պատերազմի օրերին դարձել էր համազգային ցավի ու դիմադրության խորհրդանիշ, հանկարծակի անհետացել էր այն նույն օրերին, երբ քաղաքացիները պատրաստվում էին այնտեղ ծաղիկներ խոնարհել։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ հերոսների հիշատակը, նրանց դեմքերն ու աչքերը սկսել են անհարմար և խանգարող հանգամանք դառնալ ոմանց համար՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք գտնվում՝ դպրոցական լսարաններում, թե մայրաքաղաքի հանրային վայրերում։



Այստեղ ծագում է հռետորական, բայց չափազանց սուր հարց. եթե ուսումնական հաստատությունը պետք է լինի ապաքաղաքական, արդյո՞ք դա նշանակում է, որ այն պետք է լինի նաև հիշողությունից զուրկ և անպաշտպան սեփական պատմության դեմ։ Մի՞թե հերոսների լուսանկարները քաղաքականություն են, թե՞ պարզապես բարոյական և հոգևոր այն հիմքն են, որի վրա պետք է դաստիարակվի սերունդը։ Եթե զինվորների հիշատակը հավերժացնող անկյունները հանվում են «մաքուր պատեր» ունենալու պատրվակով, ապա վաղը նույն տրամաբանությամբ դասագրքերից ու հիշողությունից նույնպես կարող են հեռացվել բոլոր այն էջերը, որոնք «անհարմար» կամ «չափից դուրս հայրենասիրական» թվան։



Կրթական համակարգը կարող է և պարտավոր է զերծ մնալ կուսակցական շահարկումներից ու քաղաքական ինտրիգներից, բայց այն երբեք իրավունք չունի հրաժարվելու ազգային հիշողությունից և դառնալու անհոգի՝ սեփական զոհերի ու հերոսների նկատմամբ:

1/2916
bottom of page