14-ամյա աղջկան, արդեն 9-րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի
- Ani

- May 5
- 1 min read
Մանկական երկաթուղու տարածքում շուրջ տաս օր առաջ կորած 14-ամյա ուկրաինացի Մայա Բորյատինսկայային դեռ փնտրում են։
Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։
Երեխան Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։
Այսօր 9-րդ օրն է, ինչ աղջկա փնտրտուքները շարունակվում են․ ՆԳՆ–ից հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ աղջկան դեռ չեն գտել։
«Մեծաքանակ ուժեր են ներգրավված, գետի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշեցին ՆԳՆ-ից։
Որոնողական աշխատանքները հենց այս հատվածում մեկնարկել են այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, թե մի երեխա է սայթաքել և ընկել գետը, և դա է պատճառը, որ մտածում են՝ ընկնողն ուկրաինացի աղջիկն է:
Սոցցանցերում ակտիվ տարածում են աղջկա լուսանկարը, Երևանի շենքերի վրա ևս փակցված է լուսանկարը՝ նման ճանապարհով նրան գտնելու ակնկալիքով:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:






















