ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ, ՈՐ ՇԱՐԺՈՒՄ ՍՏԵՂԾԻ
- Ani

- Oct 20, 2024
- 2 min read
Updated: Oct 21, 2024

Թուրքիան հույս ունի, որ Անդրկովկասում իր ուսերին կվերցնի գլխավոր դերը և ուզում են, որ Ռուսաստանն իրենց օժանդակի, «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Աշխարհաժողով» համահայկական շարժման հիմնադիր, քաղաքագետ Սարգիս Ծատուրյանը։
Ի սկզբանե Հայաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարել, քանի դեռ մեր գերիները գտնվում են Բաքվում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ որևէ բանակցություն չպետք է վարվեր։ Թուրքիան և Ռուսաստանն են թույլատրում Ադրբեջանին՝ գնալ այս կամ այն քայլին, պնդում է Ծատուրյանը։
«Մենք մեզ չենք հարգում, մենք կորցրել ենք մեր արժանապատվությունը, և ամեն ինչին համաձայն ենք, սակայն դա սխալ է՝ մենք պիտի դա փոխենք»,-ասաց Ծատուրյանը։
Այս տարածաշրջանում հիմա տեղի է ունենում մի ծրագիր, որը մեկնարկել է դեռևս Միխեիլ Սաակաշվիլու օրոք, երբ որ Ռուսաստանը լքեց Վրաստանը, հանեց իր ռազմաբազաները և հիմա նույն բանն է կատարվում, բայց Հայաստանի հետ։ Այսինքն, սովետական կայսերական ժառանգությունը հիմա Ռուսաստանի ներկայիս իշխանությունները փոխանցում են Թուրքիային, քանի որ Թուրքիան ունի հստակ կապեր Մեծ Բրիտանիայի հետ։
«Իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանը փորձում է Խորհրդային Միությունը վերականգնել՝ նման բան չկա։ Դրա մասին խոսում են, հայտարարում են, բայց իրականում քայլեր չկան։ Դա խոսում է ոչ միայն Ռուսաստանի թուլացման մասին, Հարավային Կովկասում Ռուսաստանը չունի ծրագիր, իսկ եթե դու չունես քո ծրագիրը, ապա դու ստիպված այլ երկրների ծրագիրը պիտի կատարես։ Նույնը հիմա Հայաստանի հետ է, Հայաստանը չունի ծրագիր, ուստի իրականացնում է կամ Ռուսաստանի ծրագիրը, ինչը որ մենք տեսանք Արցախում, կամ Թուրքիայի ծրագիրը»,-ասաց Ծատուրյանը։
Մենք կարող ենք այս բոլոր վտանգները զսպել ու հաղթանակ ունենալ, բայց դրա համար պետք է միավորվել ճիշտ սկզբունքների շուրջ։ Հենց դա է պատճառը, որ Ծատուրյանը որոշել է վերադառնալ հայրենիք ու ստեղծել «Աշխարհաժողով» համահայկական շարժումը։ Շարժումն ունի տասնյոթ աշխատանքային խումբ, որոնք ամեն մեկը մի ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ է աշխատում և այդ ոլորտը համակարգային ձևով վերակենդանացնելու ծրագրեր է մշակում։
«Մենք կորցրել ենք մեր հայրենիքի իննսուն տոկոսը և հիմա մեր երևանյան իշխանությունները պատրաստվում են հանձնել նաև Սյունիքը։ Ինչո՞ւ ենք մենք կորցրել Արցախը, որովհետև մենք երեսուն տարի անգամ չենք պատրաստվել պաշտպանել Արցախը, մենք չենք բարձրացրել Գանձակի հարցը, Նախիջևանի հարցը, Արևմտյան Հայաստանի հարցը, Բարձր Հայքի հարցը։ Ալիևից մենք շատ դասեր պետք է քաղենք, քանի որ ինքը շատ ավելի խելամիտ է, քան Երևանի իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը մարդակեր է, նա դավաճանել է մեզ և նա պետք է լքի իշխանությունը»,- նշեց քաղաքագետը։




















