Իմ տղան էդ որակի տղա չի, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին
- 1 hour ago
- 1 min read

Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, քանի որ ով իմ որդուն ճանաչում է, ով շփվել է, ում հետ աշխատել է, բոլորը գիտեն՝ ինքը այդ որակի մարդ չի, իսկ մնացածը թող քննությունը պարզի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ իր որդին՝ Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանության պատվեր տալու մեջ և այժմ կալանավորված է։
Դիտարկմանը, որ իր խնամի Գագիկ Ծառուկյանը ևս կալանքի տակ է, արդյոք նրա նկատմամբ տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ««Ինքը այդ հարցին պատասխանել է»։
Ճշտող հարցին, որ հետաքրքիր է իմանալ իր դիտարկումը, նա արձագանքեց. «Ես չեմ դիտարկում»։
Նախկին վարչապետ չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին պաշտոնյաներին ունեզրկելու մասին հայտարարություններին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Աբրահամյանին փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել:




















