«Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Փաստ» թերթը գրում է. «Այս աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան միանգամից 19 խոշորացված համայնքում:
«Փաստն» ուսումնասիրել է, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել այդ համայնքներում կայանալիք ընտրությունների համար: Նախ՝ նշենք, որ իշխող ՔՊ-ն առաջադրվել է բոլոր համայնքներում, որոնցից երկուսում՝ դաշինքով: Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ հանդես են գալու նույն անվամբ՝ «Համերաշխություն» դաշինք: Ուշագրավ են նաև այն կուսակցությունները, որոնց հետ ՔՊ-ն դաշինք է կազմել. Գավառում գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը: Ի դեպ, հինգ համայնքում՝ Արմավիր, Գառնի, Ախուրյան, Վայք, Վարդենիս, ՔՊ-ն ընտրությունների է գնալու «հպարտ միայնության» մեջ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ էլ պատկերը պակաս հետաքրքիր չէ: Մասնակցության ամենաշատ հայտ ներկայացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ վեց համայնք (Գորիս, Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան, Մարտունի), որից մեկ համայնքում՝ Գորիսում, կմասնակցի «Հայկական քվե» կուսակցության հետ դաշինքով («Ապրելու քվե»): Ի դեպ, «Հայկական քվե» կուսակցությունը առանձին կմասնակցի նաև Գավառի ընտրություններին: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ընտրություններին կմասնակցի չորս համայնքում՝ Արտաշատ, Մարտունի, Ծաղկաձոր, Հրազդան: Ընդ որում, վերջին երկուսում ՀՅԴ-ն պայքարելու է միայն ՔՊ-ի դեմ: Երկու համայնքում ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը. խոսքը Ստեփանավանի ու Արթիկի մասին է: «Ուժեղ Հայաստան» դաշինքը պայքարի մեջ կմտնի Ստեփանավան համայնքում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















