top of page

Եթե այսօր դեմ հանդիման եք «քարի», մի՛ հուսահատվեք, մի՛ հիասթափվեք, այլ մնացեք հաստատ՝ աղոթքով և վստահությամբ. Մեսրոպ Սրբազան

  • 9 hours ago
  • 2 min read


ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը նշում է՝ եթե այսօր դեմ հանդիման եք «քարի», մի՛ հուսահատվեք, մի՛ հիասթափվեք ու մի՛ հեռացեք, այլ մնացեք հաստատ՝ աղոթքով և վստահությամբ։

«Տարիներ առաջ, երբ հոգևոր հովիվ էի Նյու Յորքի Սուրբ Խաչ Հայոց Եկեղեցում, իմ տարեց ծխականներից մեկի ամուսինը մահացավ։ Նրա մահից հետո նա հավատարմորեն այցելում էր գերեզմանատուն։ Մի փոքր աթոռ էր բերում իր հետ և ժամերով նստում էր ամուսնու գերեզմանաքարի մոտ։

Երբ խնդրում էր, միասին էինք գնում գերեզմանատուն և հոգեհանգստյան կարգ էի կատարում։ Այդ օրերին փորձում էի հասկանալ, թե ինչու էր այս այրի կինը ժամերով այնտեղ մենակ նստում։

Ժամանակ անց հասկացա, թե ինչն էր նրան այդքան երկար պահում գերեզմանաքարի մոտ։ Ո՛չ սովորությունն էր, ո՛չ էլ մենակությունը, այլ՝ ՍԵՐԸ։ Այն սերը, որ չէր ուզում հեռանալ իր սիրելիից։ Սեր, որ ուզում էր մնալ նրա ներկայության մեջ, նրա մոտ, նույնիսկ երբ միակ պատասխանը, որ ստանում էր, լռությունն էր։

Այդ նույն սերը առկա է Ավետարանում։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ Տեր Հիսուսի մահից հետո, Հովսէփ Արիմաթացին, նրա մարմինը դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տվել ժայռի մէջ։ Ապա մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց. «Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ մյուս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց»։ (Մատթ. 27:61)

Կանանց առջև մի հսկա քար կար, ծանր լռություն, և թվում էր, թե այնտեղ միայն կորուստն է թևածում։ Նրանց սիրելի ուսուցիչը փակված էր այդ քարի հետևում։ Նրանք կարող էին հեռանալ, բայց իրենց սիրուց մղված նախընտրեցին մնալ՝ հայելով գերեզմանին։

Անցյալ հունվարին, երբ ուխտագնացությամբ այցելեցինք Երուսաղեմ, ես էլ նստեցի այնտեղ, որտեղ կանայք էին նստել՝ Քրիստոսի գերեզմանի դիմաց և սկսեցի մտածել Ավետարանի կանանց, և իմ ծխական այրի կնոջ մասին։

Շատերս խորհրդանշականորեն եղել ենք այդ վայրում մեր անձնական կյանքի մեջ։ Հավատում ենք, աղոթում ենք, վստահում ենք Աստծուն։ Բայց թվում է, թե մեր աչքերը սևեռված են փակված մի բանի վրա։ Անում ենք մեր լավագույնը, բայց քարը դեռ անշարժ կանգնած է իր տեղում։

Բայց գերեզմանի մոտ եղած կանանց նման մնում ենք, չենք հեռանում։ Երբեմն մեր հավատը հենց դա է պահանջում մեզնից՝ մնալ և սպասել։ Մնալ Աստծու մոտ, նույնիսկ երբ չես հասկանում։ Մնալ աղոթքի մեջ, նույնիսկ երբ որևէ արդյունք չես տեսնում։ Մնալ հույսով լեցուն, երբ թվում է թե՝ «ամեն բան վերջացած է»։

Կանայք մնացին, և քանի որ սպասեցին, նրանք դարձան Աստծու հաղթանակի առաջին ականատեսները, վկաները Տիրոջ այն խոստման իրականացման, թե՝ «Ես եմ հարությունը և կյանքը»։ Նրանք հասկացան, որ Աստծու մոտ սպասելը երբեք ժամանակի կորուստ չէ։ Այն սերը, որ մնում է Աստծու մոտ, միշտ էլ վարձատրվում է։

Սիրելինե՛ր, եթե այսօր դեմ հանդիման եք «քարի», մի՛ հուսահատվեք։ Մի՛ հիասթափվեք ու մի՛ հեռացեք, այլ մնացեք հաստատ՝ աղոթքով և վստահությամբ։

Մնացեք Աստծու մոտ, նույնիսկ երբ արդյունքը դեռ չեք տեսնում։

Տեր Հիսուս մեզ ցույց տվեց, որ Հարությունը հետևում է հավատարմորեն սպասելուն։ Լույսը հետևում է երկար գիշերին։ Կյանքն է, որ հաղթանակում է։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»,- նշել է Սրբազան Հայրը։

1/2624
bottom of page