Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն
- 1 minute ago
- 1 min read

Իրենք նույն ժամի չեն տեղափոխվել ԲԿ, 4 հոգի ընդունվել են երեք օր առաջ, մի քանիսը՝ մյուս օրը, երկուսը երեկ են ընդունվել, բոլորի մոտ աղիքային վարակ է նախնական ախտորոշվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Նա ավելացրեց, որ հոսպիտալացվածները բուժում են ստանում, հիմա սպասում են «բականալիզների» պատասխանին. «Ունենք լավացման միտում, վիճակները այս պահին շատերի մոտ թեթև աստիճանի է։ Այսքանը կարող եմ ասել, ինչից է, ոնց է, այդ հարցերին չեմ կարող պատասխանել»։
Փոխտնօրենի խոսքով՝ հոսպիտալացվածներից ամենափոքրը 7 տարեկան է։
«Դուրս գրվածներ չկան դեռ։ Չենք կարող դուրս գրել, քանի դեռ չունենք բականալիզի պատասխանները։ Առողջական վիճակները թույլ են տալիս դուրս գրման, սակայն պետք է պատասխաններն ունենանք, հասկանանք ինչից է, նոր դուրս գրենք, որպեսզի ուրիշներին էլ չվարակեն», - ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից հայտնել էին, որ Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։




















