Ես առաջարկում եմ ընդդիմությանը հարամել Փաշինյանի եվրոպական հարսանիքը. Արմեն Աշոտյան
- 3h
- 1 min read

«Մենք քնձռոտ քաղաքական համակարգ ունենք։ Իշխանությունն ամենաքնձռոտն է, բայց մենք ընդհանուր առմամբ ունենք «ցբխված» քաղաքական համակարգ. էլիտա գոյություն չունի։ Այն մարդկանց, ում թվում է, թե ժանտախտի պայմաններում պարսպվելով ԱԺ-ի շենքում՝ կարող են խուսափել ժանտախտից, սխալվում են. ԱԺ-ի պատերը չեն փրկելու»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ իշխանությունն արդեն սկսել է կեղծել ընտրությունները. կեղծելը ենթադրում է սմարթ տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ փոխել ընտրական օրենսգիրքը ամիսներ առաջ, սահմանափակել դիտորդական առաքելության աշխատանքը, մարդ բերել դրսից Հայաստան և պարտքի դիմաց կորզել հայտարարություն, թե Նիկոլն է մեր տղան։
Արմեն Աշոտյանն ընդգծում է՝ ընդդիմությունը պետք է հասկանա՝ ընտրություններին առանց փողոցի հաղթել չի ստացվելու, ինչու՞ այս պահից սկսած չենք գեներացնում դրա վերաբերյալ իմպուլսներ։
ՀՀԿ փոխնախագահն ընդդիմությանն առաջարկում է պատրաստվել մայիսին Երևանում սպասվելիք մեծ իրադարձությանը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը, Աշոտյանի գնահատմամբ, արվում է Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։
«Ես առաջարկում եմ ընդդիմությանը հարամել Փաշինյանի եվրոպական հարսանիքը։ Ստեղծել շտաբ, բաժանել պատվիրակությունների հետ կապված աշխատանքը, համատարած պիկետներ, միասնական հանրահավաք կազմակերպել, սահմանադրական իրավունքի շրջանակում խոչընդոտել պատվիրակության ժամանակացույցով աշխատանքը, ցույց տալ, որ դուք եկել եք խառնվելու մեր գործերին, բայց մենք մեռած չենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում




















