top of page

«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս եք Փաշինյանի ձեռքը սեղմում». Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը տեսաուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին

  • Writer: Ani
    Ani
  • 14 minutes ago
  • 3 min read

ree

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը տեսաուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին.

«Պարո՛ն նախագահ, Էմանուել Մակրոն

Ես քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն եմ: Իմ ամուսնուն արդեն երկրորդ անգամ Փաշինյանի ռեժիմը բանտ է ուղարկել ընդդիմադիր խոսքի և քննադատության համար, որում հայհոյանք էլ չի եղել, չնայած որ Հայաստանի Հանրապետությունում, տարիներ առաջ, արևմուտքի պարտադրմամբ, ծանր վիրավորանքն ապաքրեականացվել է:  

Իմ ամուսինը YouTube-ով հեռարձակվող և օրեցօր մեծացող լսարան ունեցող հայտնի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակն ու վարողն է: Եվ հիմա իր դեմ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով, քանի որ փոդքասթի թողարկման ընթացքում ամուսինս անդրադարձել է իր և մյուս վարող Վազգեն Սաղաթելյանի հասցեին իշխանականների, ՔՊ-ական պատգամավորների հանրային վիրավորանքներին և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին իր պատասխան խոսքն ուղղելիս օգտագործել է «հետույք» բառը: Ըստ հայ  իրավապահների, ՀՀ ԱԺ խոսնակի Facebook-յան հայհոյանք պարունակող կեղտոտ գրառմանն ուղիղ եթերում անդրադառնալիս ամուսնուս արտաբերած «հետույք» բառն իր մեջ խուլիգանության հանցակազմ է պարունակել:

Բանն այն է, որ բանտարկվելուց օրեր առաջ Նարեկն ու Վազգենը ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էին հյուրընկալել «Իմնեմնիմի» փոդքասթին և ուղիղ եթերում 7 ժամ անկեղծ և ազատ զրույց ունեցել Երրորդ նախագահի հետ: Այդ թողարկման ավարտին արդեն` լուսադեմին, Նիկոլ Փաշինյանը մի քանի վրդովված ֆեյսբուքյան գրառումներ էր կատարել, որին միացել էին նաև իր թիմակիցները և կեղտոտ բառապաշարով բազմաթիվ վիրավորական ֆեյսբուքյան գրառումներ և մեկնաբանությունն էին գրել փոդքասթի վարողների և նախագահի հասցեին: Հենց այդ ժամանակ էլ ԱԺ խոսնակն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ իմ ամուսնուն և Վազգենին անվանել էր «շան լակոտներ», որի անհամեմատ թույլ պատասխանը, «հետույք» բառի կիրառմամբ, ստացել էր հետագա թողարկման ընթացքում, ինչի համար էլ դիմել էր իրավապահներին՝ ամուսնուս և Վազգենի դեմ քրեական գործ հարուցելու համար, իսկ ռեժիմի իրավապահներն, առանց օրենքի ու օրինականության մասին մտածելու, ստանձնել են քրեական գործ սարքելու պարտականությունը, և հաջորդ օրն ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատի դիմակավորված ծառայողները ներխուժել են մեր տուն, խուզարկել այն և իմ ու մեր անչափահաս դուստրերի աչքի առաջ, ամուսնուս ձեռքերը ոլորելով, Փաշինյանի սիրելի եղանակներով, բերման ենթարկել նրան, չնայած, որ ամուսինս դիմադրություն ցույց չէր տալիս և հետևում էր իրավապահների բոլոր պահանջներին:

Նույն ժամին նույն սցենարը տեղի է ունենցել Վազգեն Սաղաթելյանի տանը, ինչպես նաև «Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում: Լրատվականից անհիմն առգրավել են ամբողջ տեխնիկան. բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, տեսանկարահանող դրոնները, միկրոֆոնները և ձայնագրող սարքերը, շտատիվները, գրասենյակի անվտանգության տեսախցիկների DVR սարքը, մարտկոցները, հիշողության կրիչները, լիցքավորիչները, էներգաբանկերը, ուղիղ եթերի հեռարձակման համար անհրաժեշտ բոլոր սարքերը, եթերային ձայնն ու ձայնի մաքրությունն ապահովող սարքերը, լարերը:

Լրատվականին իր գործունեությունն ապահովող տեխնիկայից զրկելը միայն մեկ նպատակ էր հետապնդում` դադարեցնել լրատվականի գործունեությունը և ուղիղ նյութական վնաս հասցնել:

Այդ ամբողջ տեխնիկան ձեռք էր բերվել համակիրների շնորհիվ, և բարեբախտաբար, կրկին հայտնվեցին աջակիցներ, որոնք իրենց անձնական միջոցներով մեկ օրում լրատվականին ապահովեցին անհրաժեշտ տեխնիկայով, որպեսզի լրատվականը կարողանա շարունակել իր գործունեությունը, և ընդդիմադիր խոսքը կրկին հնչի:  

Պարզից էլ պարզ է, որ սա միջոց է ՀՀ-ում ընդդիմադիր խոսքը լռեցնելու և մյուս ընդդիմադիրներին այս օրինակով վախեցնելու համար:

Իմ ամուսինն ու Վազգենը նոյեմբերի 13-ից ապօրինի ազատազրկված են և գտնվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Իրենց տեսակցությունները փակ են, ասես մարդ են սպանել կամ հայրենիքը թշնամուն հանձնել՝ սեփական շահի համար:

Հետևելով Ֆրանսիայում գործունեություն ծավալող լրատվականների աշխատանքին, տեսնելով, թե ինչպիսի անկաշկանդ բառամթերք են կիրառում թե՛ քաղաքական, թե՛ ժամանցային հաղորդումներում, տեսնելով, որ եթերային խոսքում օգտագործվող հայհոյանքը` անգամ Ձեր հասցեին ուղղված, չի ընկալվում որպես խուլիգանություն և մարդկանց բանտ ուղարկելու առիթ չի դառնում, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եք Փաշինյանի ձեռքը սեղմում` լավ տեսնելով, թե ինչպես է նա ռեպրեսիվ մեթոդներով քաղաքական հետապնդումների ենթարկում իր ընդդիմախոսներին և ոտքերը սրբում իրական արդարադատության վրա:

Արդեն մեկ անգամ միջազգային կառույցներն արձանագրել են, որ իմ ամուսինն ու «Իմնեմնիմի» փոդքասթի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանն ազատազրկման են ենթարկվել իրենց փոդքասթում Կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար: Այս ձևակերպումը կարող եք գտնել «Freedom House»-ի և «Amnesty International»-ի 2024 թվականի զեկույցներում: «Freedom House»-ի զեկույցում անգամ հրապարակվել է ամուսնուս գազանաբար բերման ենթարկելու կադրերի հղումը: Լրագրողների եվրոպական ֆեդերացիան ևս դատապարտել է ՀՀ իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար: Տեղական կառույցները ևս դատապարտել են իշխանությունների այս գործելաոճը և պահանջել անհապաղ ազատ արձակել Նարեկին և Վազգենին: «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» ևս զեկույց է կազմել «Իմնեմնիմի»-ի գործի վերաբերյալ: «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը» ծավալուն զեկույց էր կազմել Նարեկի և Վազգենի նախորդ և ներկայիս քրեական հետապնդումների մասին:  

Իմ ամուսնու և Վազգենի դեմ իշխանությունների կողմից հարուցված քրեական հետապնդումները մարդու իրավունքների, ազատ խոսքի իրացման կոպտագույն խախտումներ են, և վերջիններս ապօրինաբար են հետապնդվում:

Ասվածն ապացուցելու է գալիս այն հանգամանքը, որ ՀՀ-ում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն մեկ անգամ արդարացման վերդիկտ է կայացրել «Իմնեմնիմի»-ի նախորդ նույնաբովանդակ քրեական գործով:

Դիմում եմ Ձեզ, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունում Ձեր երկրի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, քանի որ վստահ չեմ, որ Ձեր դեսպանը քաղաքականապես չեզոք է:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմանաք` ում եք պաշտպանում և Ձեր պաշտպանության հետևանքով ինչեր են տեղի ունենում Հայաստանում: 

Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ հնարավորության դեպքում Փաշինյանին ասեք, որ իր այս գործելաոճը ժողովրդավարության հետ աղերս չունի և տանում է դեպի տոտալիտարիզմ:  

Կարծու՞մ եք, որ հանուն գերտերությունների միջև ընթացող հեգեմոնիայի հասնելու պայքարում հաղթելու արժե աչք փակել Փաշինյանի տոտալիտար հակումների վրա, և չտեսնել, որ նա ոչ թե ժողովրդավարական արժեքների կրող է, այլ դասական բռնապետ, ում թույլատրված է միայն գովերգել, իսկ նրանք, ովքեր կհանդգնեն քննադատել, պետք է ուղարկվեն բանտեր:    

Ի տարբերություն Քադաֆիի` Փաշինյանը միայն ցուցարարների չի սպանել... դեռ:

Նարեկ Սամսոնյանը քաղաքական բանտարկյալ է, բանտարկված իր սեփական երկրում, ով ռոմանտիկորեն հավատում է ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»:

1/2443
bottom of page