top of page

Վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին հուշող առաջին ախտանշանը

Վահանագեղձը թիթեռի ձև ունեղոց ոչ շատ մեծ օրգան է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում: Սա ամենակարևոր օրգաններից մեկն է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող կարևորագույն գործընթացների կարգավորմանը, ուստի զարմանալի չէ, որ այս օրգանի աշխատանքի չնչին խանգարումն անգամ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և կարող է անգամ էնդոկրին համակարգի աշխատանքում անդառնալի փոփոխությունների պատճառ դառնալ:

Առողջական վիճակի խիստ վատթարացումից ու լուրջ խանգարումներից խուսափելու համար հարկավոր է ավելի զգոն լինել ու չանտեսել վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին հուշող հիմնական ախտանշանները: Հնդիկ գիտնականների խոսքով՝ այս օրգանի աշխատանքում խանգարումների առկայության մասին հուշող առաջին ախտանշանը ուշադրության կենտրոնացման ու հիշողության հետ կապված խնդիրներն են, որոնք պայմանավորված են որոշակի հորմոնների արտադրության նվազմամբ: Այս օրգանի հետ կապված խնդիրների մասին հուշող մեկ այլ ախտանշան կարող է լինել նաև առատ մազաթափությունը, սակայն այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև այլ խանգարումներով, ուստի հարկավոր է զգոն լինել:

Վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում նաև աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները, որոնք էլ, իրենց հերթին, այլ խնդիրներ են առաջացնում: Սա է պատճառը, որ վահանագեղձի հետ կապված խնդիրների դեպքում մարդուն չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից անգամ ֆիզիկական ակտիվության ու հատուկ սննդակարգերի օգնությամբ:

Այս կարևոր օրգանի աշխատանքի խանգարման մասին հուշող ախտանշանների թվում են նաև ընկճախտն ու գերլարվածությունը, ինչպես նաև սեռական ցանկության նվազումը, ինչը պայմանավորված է նրանով, որ վահանագեղձի հորմոններն ակտիվ ազդեցություն են ունենում նաև սեռական գործառույթի վրա: Բացի այդ, անհանգստանալու և բժշկին դիմելու պատճառ պետք է լինի նաև ցավոտ զգացողություններով ուղեկցվող դաշտանը, ինչը, սակայն, շատերն անուշադրության են մատնում:

Մասնագետների խոսքով՝ վահանագեղձի աշխատանքի խանգարումների դեպքում մարդիկ հաճախ կորցնում են ինքնավստահությունը, ինչը բացատրվում է հորմոնալ փոփոխություններով: Էնդոկրին համակարգի հնարավոր խանգարումների մասին կարող են հուշել նաև տրամադրության կտրուկ տատանումները, որոնք հատկապես վառ են դրսևորվում կանանց մոտ:

1/1746
bottom of page