Վանաձորի ինտրիգի ավարտը․ իշխանության անխուսափելի առերեսումը պարտության հետ
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը. Վանաձորի ավագանին, ի վերջո, կարող է սկսել իր աշխատանքները։ Դատական ակտով, ըստ էության, արձանագրվել է իշխանության պարտությունը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջոցով փորձում էր խմբագրել վանաձորյան ընտրությունների արդյունքները ու ստանալ ցանկալի խճանկար։ Չստացվեց։ Հիմա իշխանությունը կանգնել է դիլեմայի առաջ՝ կամ արժանապատվորեն ընդունել պարտությունը ու առնվազն վերանայել Վանաձորի ընտրություններում փաստացի հաղթած դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը՝ վերականգնելով ավագանու անդամի ընտրել-ընտրվելու իրավունքը, կամ էլ՝ շարունակել քաղաքական անհեռանկար ռեպրեսիան, որը կարող է, մի կողմից, ինստիտուցիոնալ ճգնաժամ առաջացնել Վանաձորի ավագանիում, մյուս կողմից՝ ֆորմալիզացնել այն իրողությունը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Իշխանության երկընտրանքն ավելի որոշակի է դառնում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ, որտեղ անդրադարձ է լինելու հայաստանյան զարգացումներին ու ակնհայտորեն՝ նաև ՏԻՄ ընտրություններին, որոնց արդյունքների «խմբագրման» ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի թիմի «ջանքերը» դասական ավտորիտարիզմի դրսևորում են։ Ի դեպ, այս հարթության վրա իշխանությանը երեկ «արջի ծառայություն» է մատուցել Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանը, ով համայնքապետ դարձավ, ըստ էության, մանդատագողության հետևանքով, իսկ հիմա դժգոհում է, թե տեղական ընդդիմությունն իբրև թե ինստիտուցիոնալ ճգնաժամ է ստեղծում ավագանիում։ Այլ հետևանք մանդատագողություն ունենալ չի կարող։ Նույնը՝ ավելի գլոբալ հարթության վրա, վերաբերում է Վանաձորին։ Իշխանությունները հասկանում են, որ Մամիկոն Ասլանյանը համայնքապետ է «5 րոպե պակաս» ռեժիմով ու դա կարող են կանխել՝ միայն քաղաքական ռեպրեսիան շարունակելով կամ մանդատագողության հետևանքով։ Երկու դեպքում էլ՝ քաղաքական ճգնաժամն անխուսափելի է, որը սկսվելու է Վանաձորից՝ հաստատ ունենալով ավելի գլոբալ հետևանքներ։
Վահրամ Բագրատյան




















