top of page

Ուկրաինան վերածվում է Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ բախման նոր թատերաբեմի

Nov 20, 2022
1 min read


Ուկրաինան ԱՄՆ-ից մոտ 80 տոննա զինամթերք է ստացել: Այդ մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Իր հերթին բրիտանական The Mirror թերթը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է 600 զինվորական տեղակայել Ուկրաինայում՝ՌԴ-ի հարձակման պարագայում: Խոսքը գնում է հատուկ ջոկատայինների մասին:


Ուկրաինան վերածվում է Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ բախման նոր թատերաբեմի: ՆԱՏՕ-ն ակտիվորեն զինում է Ուկրաինային՝անգլո-սաքսոնական ուժերն արդիականացնում են ուկրաինական բանակը, իսկ Թուրքիան՝Բայրաքթար ԱԹՍ-ներով է զինում Կիևին՝Դոնբասի և Ղրիմի դեմ գործողություններ իրականացնելու համար:


Այս պայմաններում Մոսկվան արձագանքում է Արևմուտքի գործողություններին՝ուժեղացնելով իր ռազմա-քաղաքական ներկայությունն Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ: Դոնբասին տրամադրվելու է ավելի մեծ ռազմական աջակցություն, Ղրիմի թերակղզում ուժեղանալու է ռուսական ռազմական, ռազմա-ծովային ներկայությունը, իսկ Ուկրաինայի հարևան Բելառուսի հետ ՌԴ օրերս կնքեց Միութենական պետության մասին պայմանագիր, ինչը նշանակում է, որ Բելառուսի տարածքը նույնպես կարող է դառնալ պլացդարմ՝Ուկրաինայի դեմ հնարավոր լայնածավալ պատերազմի դեպքում:


Արևմուտքը ՌԴ-ի սահմանների երկայնքով ստեղծում է բուֆերային գոտի, որը ձգվում է Ուկրաինայից՝դեպի Վրաստան և Ադրբեջան: Ուկրաինան և Վրաստանը՝ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական դաշնակիցներ են՝Կիևն ու Թբիլիսին ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ունեն լրջագույն խնդիրներ Մոսկվայի հետ, ինչից էլ օգտվում են Վաշինգտոնում՝դեպի Արևմուտք փոխելով տվյալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշները: Վրաստանն ունի աբխազական և հարավօսական խնդիրներ և իր անվտանգությունը կապում է ՆԱՏՕ-ին անդամակցության հետ՝ի հակակշիռ ռուսական ռազմական ներկայությանն Աբխազիայում և Հարավային Օսիայում:


Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն դե-ֆակտո Թուրքիայի պրոտեկտորատն է՝գործում է թուրքական, անգլո-սաքսոնական ուժերի շահերից ելնելով: Արցախյան հարցի վերջնական լուծումից հետո Բաքուն էլ ավելի է խորացնելու կապերն Արևմուտքի և Թուրքիայի հետ՝թուլացնելով կապերը Մոսկվայի հետ:


Այսպիսով, ռուսական սահմանների երկայնքով անգլո-սաքսոնական ուժերը ստեղծում են ՌԴ-ն զսպող երկրների կոալիցիա՝խուսափելով ուղիղ ռազմական բախումից միջուկային տերություն ՌԴ-ի հետ, Արևմուտքը ցանկանում է վարել այսպես կոչված proxy war ընդդեմ Մոսկվայի՝այլոց ձեռքերով:


Արտյոմ Բալասանով

 
 
1/2967
bottom of page