top of page

Արևմուտքն Ուկրաինայից կերտում է հակառուսական ռազմական պլացդարմ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 2 min read


Ուկրաինա ներխուժումը «ցավալի, դաժան ու արյունալի գործի» կհանգեցնի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:


«Շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում մարդիկ հասկանան, որ դա կարող է նոր Չեչնիան դառնալ»,-նշել է Ջոնսոնը:


Արևմուտքի համար Ուկրաինան պլացդարմ է՝ ՌԴ-ի գեոպոլիտիկ ազդեցությունը զսպելու համար: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները միասնական ճակատով զինում են Ուկրաինան, տնտեսական աջակցություն են ցուցաբերում այդ երկրին՝ վերազինում են բանակն ու արդիականացնում են այն:


Նպատակը, սակայն, ոչ թե Ուկրաինայի ռազմա-քաղաքական կամ տնտեսական բարեկեցությունն ու հզորացումն է, այլ ՌԴ-ին զսպելու գլոբալ մարտավարությունը: Այս պահին ՌԴ-Բելառուս հարաբերությունները դաշնակցային են՝ Միութենական պետության գաղափարը կյանքի է կոչվում և Արևմուտքում զգուշանում են ԽՍՀՄ-2-ի կամ նոր Ռուսական կայսրության վերականգնումից: Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը սլավոնական ազգին են պատկանում, ուղղափառ են, իսկ դա լրացուցիչ միավորող գործոն է ռուս-ուկրաինական հարաբերություններում:


Ուկրաինայի աշխարհագրական դիրքն Եվրոպայի սրտում՝ Սև ծով ելքն ու ՌԴ-ին և Բելառուսին սահմանակից լինելն այդ երկիրը շատ կարևոր գործոն է դարձնում գեոպոլիտիկ տեսանկյունից: Եթե Ուկրաինան ինտեգրվում է ՌԴ-ի հետ կամ մտնում է ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտի, ապա Սև ծովում, Արևելյան Եվրոպայում անգլո-սաքսոնական ուժերի, ՆԱՏՕ-ի դիրքերը կտրուկ թուլանում են:


Ուկրաինայից Արևմուտքը կերտում է հակառուսական պլացդարմ՝ պատերազմի հավանականությունն աճելու է այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքը չի ցանկանում հաշվի առնել ռուսական շահերը, հատկապես անվտանգային՝ Ուկրաինայում և ռուսական սահմանների երկայնքով:


Ռազմական տեսանկյունից Ուկրաինան որևէ լուրջ խնդիր ՌԴ-ի համար չի ներկայացնում, սակայն դա այս պահին: Եթե Արևմուտքը շարունակի զինել ուկրաինական բանակն ու այն վերապատրաստել ՆԱՏՕ-ական չափանիշներով, ինչպես նաև զորքեր տեղակայի Ուկրաինայի տարածքում՝այդ թվում սևծովյան նավահանգիստներում, ապա դա արդեն լուրջ գլխացավանք է դառնալու Մոսկվայի համար:


Մեծ տարածքով և 45 միլիոն բնակչությամբ, լավ զինված Ուկրաինան դառնալու է ռազմական սպառնալիք ՌԴ-ի համար: Մոսկվան միջուկային զենք չի կիրառելու Ուկրաինայի դեմ, իսկ ցամաքային երկարամյա պատերազմը ձեռնտու չէ ՌԴ-ին:


Քանի որ, եթե ռուսական զորքերը չկարողանան արագ արդյունքի հասնել Ուկրաինայում, ապա Արևմուտքը սկսելու է ավելի ինտենսիվ զինել ուկրաինական բանակն ու ռուսական բանակը կարող է հայտնվել այն վիճակում, ինչպիսի վիճակում հայտնվեց խորհրդային բանակն Աֆղանստանում: Աֆղանական պատերազմի ժամանակ Արևմուտքը, արաբական աշխարհը, Պակիստանն ու շատ այլ երկրներ զինում էին աֆղանական ուժերին՝ մոջահեդներին և այլ տարբեր խմբավորումներին՝ խորհրդային զորքերի դեմ պայքարելու համար:


ՌԴ-ն ստիպված է լինելու օպերատիվ կերպով վերազինել, զինել Դոնբասն ու Արևմուտք-ՌԴ, ՆԱՏՕ-ՌԴ ուղիղ բախումից խուսափելու համար պատերազմել այլոց ձեռքերով: Արևմուտքը պատերազմելու է ուկրաինական բանակով, իսկ Մոսկվան շեշտը կարող է դնել Դոնբասի զինված ուժերի վրա՝ դրանք համալրելով այդ թվում ռուս ռազմական մասնագետներով և կամավորականներով:


Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինա ռուսական զորքերի հնարավոր մուտքը շատ թանկ նստի Մոսկվայի վրա՝ ռազմական, մարդկային կորուստների, այդ թվում տնտեսական կորուստների առումով՝ տնտեսական ամենակոշտ պատժամիջոցների փաթեթն արդեն պատրաստ է:


Արտյոմ Բալասանով


 
 
1/2518
bottom of page