top of page

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ Սահակյան

  • 7 hours ago
  • 1 min read

Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար, գործը քննվելու է դատարանի կողմից»,-ասաց Սահակյանը։

Նա նշեց, թե այդ դատավճիռն էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական ու բարոյական նորմերը, այլ նաև՝ մարդկային ողջամտության ու բանականության սահմանները։

«Այնտեղ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» ու դրանց հիման վրա կատարված եզրահանգումներն ուղղակի չեն տեղավորվում բանականության տիրույթում»,-ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, թե Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին։

Նա ասաց նաև, թե Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված բարեգործությունները ներկայացվել են որպես հանցավոր գործունեություն․

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»։

1/2878
bottom of page