Կրակել են Սուքիասյանների մեքենայի վրա. «Hraparak.am»

Դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 39 փողոցում, բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Hraparak.am-ը գրում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխվե՞լ է, թե՞ ոչ»։
Տեղեկությունը, որ մեքենան պատկանում է Սուքիասյաններին, լրատվամիջոցը փորձել է ճշտել նրանց մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից։ Նա ասել է, որ նման բան գոյություն չունի, նույնը կրկնել է նաև Ռ․Սուքիասյանի փաստաբանը։ Ոստիկանությունից էլ փոխանցեցլ են, որ իրենք անուններ չեն կարող հայտնել:



















