top of page

Փաշինյանը կորցրել է իր լեգիտիմությունը․ խնդիրը ՀԱՊԿ-ն ու Ղազախստանը չեն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 2 min read


Կա՞ ՀԱՊԿ տարածքում որևէ այլ գործիչ, որը Նիկոլ Փաշինյանից ավելի վնաս է տվել տարածաշրջանային այս կազմակերպության հեղինակությանը։ Իհարկե՝ ոչ։ Միայն Յուրի Խաչատուրովի ձերբակալության հետ կապված պատմությունը հուշում է, որ Փաշինյանը մի ղեկավար է, որը հանուն սեփական PR-ի ու իշխանատենչության կարող է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները, քայլել ՀԱՊԿ հեղինակության վրայով։


«Պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»,- երեկ ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ համացանցում արժանանալով համընդհանուր ծաղրի։


Հետպատերազմյան Հայաստանը չունի դիվանագիտական ու ռազմական պոտենցիալ՝ անգամ իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար, էլ ուր մնաց՝ «ՀԱՊԿ մեխանիզմներ» աշխատեցնի։ Հայաստանն, իհարկե, չէր կարող ու չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ ղազախական առաքելությանը՝ սա ակնհայտ է ու բխում է իրավիճակի պրագմատիկ գնահատականից։


Մյուս կողմից, ակնհայտ է, որ մեկ այլ՝ ավելի սթափ իշխանության պարագայում, Հայաստանը չէր դառնա ՀԱՊԿ ղազախական առաքելության ինֆորմացիոն առաջատարը, գուցե նաև կարողանար խուսափել սեփական զինուժի ներկայացուցիչներին օտար երկիր ուղարկելու պարտադրանքից՝ մատնանշելով մեր երկրին այս պահին սպառնացող անվտանգային մարտահրավերները, այն հանգամանքը, որ մեր բանակն, ըստ էության, գտնվում է վերադասավորման ու վերախմբավորման բարդ փուլում։ Հունվարի 5-ին Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրել ոչ ՀԱՊԿ հեղինակությունն ու Ղազախստանը, ոչ էլ նույնիսկ՝ Հայաստանի շահերը։


Նա դարձյալ իր և սեփական իշխանության պահպանման հարց է լուծել՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան հավատարիմ է Պուտինին ու Մոսկվային։ Սա, իհարկե, հավատարմություն չէ՝ բառի դրական իմաստով։ Հետհեղափոխական առաջին ամիսներին Փաշինյանը սեփական PR-ը կառուցում էր Պուտինին հակադրվելով, ՀԱՊԿ-ն «սևացնելով», հիմա ժամանակները փոխվել են՝ նա իր PR-ը կառուցում է Պուտինի ու ՀԱՊԿ-ի հաշվին։ Որևէ մեկը վստահ չէ, թե ամիսներ անց Փաշինյանի վարքագիծը չի փոխվի։ Փաշինյանը կորցրել է իր քաղաքական, բարոյական լեգիտիմությունը, երբ հեղափոխականի իր կենսագրության վրա խաչ է քաշել՝ մասնակցելով Ղազախստանի փողոցի «լռեցմանը։ Ու այստեղ խնդիրը ՀԱՊԿ-ն ու Ղազախստանը չեն, այլ Փաշինյանի փառասիրության և իշխանատենչության մոլուցքը։


Վահրամ Բագրատյան

 
 
bottom of page