Պատմական շաբաթի մեկնարկը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը կհանդիպեն հունվարի 14-ին, Մոսկվայում։ Ոչ թուրքական, ոչ էլ հայկական կողմը օրակարգի մասին պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Միայն մոսկովյան հանդիպումը բավական է, որ մենք մեկնարկող շաբաթը համարենք պատմական, որովհետև հայ-թուրքական դիալոգն ավելին է, քան՝ երկու երկրների հարաբերությունները․ սկիզբ է դրվում մի գործընթացի, որը կարող է տարածաշրջանային նոր զարգացումների, կոնֆիգուրացիաների ճանապարհ բացել, մյուս կողմից՝ Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունն անջատ, լոկալ մի գործընթաց չէ ու իր վրա կրելու է գլոբալ քաղաքականության հետևանքները, Մոսկվայի ու Արևմուտքի, նրանց հարաբերությունների, համաձայնությունների ու հակադրության ազդեցությունը։ Այս իմաստով նույնպես՝ մեկնարկող շաբաթը պատմական է՝ անկախ արդյունքներից։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 17-ին պաշտոնական Մոսկվան ներկայացրել էր գլոբալ անվտանգության իր տեսլականը, որն ավելի շուտ՝ Եվրոպան «ազդեցության գոտիների» բաժանելու մի նախաձեռնություն է։
Միաբևեռ աշխարհ այլևս գոյություն չունի, տեղի են ունենում բարդ տրանսֆորմացիաներ, որոնք կհանգեցնեն նոր աշխարհակարգի ձևավորմանը ու այս համատեքստում անչափ կարևոր են այսօրվանից մեկնարկող հանդիպումները։ Այսօր երկկողմ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչներն, առաջիկա օրերին տեղի կունենան հանդիպումներ Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-ԵԱՀԿ ձևաչափերով։ Ձևակերպվում է նոր աշխարհակարգ, Հայաստանի համար առաջ են գալիս նոր մարտահրավերներ, բայց նաև բացվում են նոր պատուհաններ։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի որակի պետություն կարող ենք ունենալ, ինչքանով արդյունավետ կլինի մեր դիվանագիտությունը։ Այստեղ է, որ մենք լրջագույն մտահոգություններ ունենք, որովհետև արագ փոփոխվող աշխարհի համատեքստում ազգային անվտանգության հիմնական մարտահրավեր է դառնում Հայաստանի գործող իշխանությունն՝ իր ոչ ադեկվատ վարքագծով, դիլետանտիզմով։ Հետ չմնալ միջազգային ու տարածաշրջանային զարգացումներից, միևնույն ժամանակ՝ Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն, իշխանություն՝ համաշխարհային համատեքստին համահունչ լինելու համար։ Ահա՝ բոլորիս գերխնդիրը։ Վահրամ Բագրատյան




















