ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԱՄԱՐ ԱՄԲՈՂՋ ԲԵՌԸ ԴՆԵԼ ԴԱՏԱՎՈՐԻ ՎՐԱ, ՃԻՇՏ ՉԻ
- Ani

- Oct 25, 2024
- 4 min read

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ն առաջադրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի թեկնածությունները: Վերջինիս իշխող ՔՊ-ն առաջադրել էր ԲԴԽ անդամի պաշտոնի համար, սակայն նա չընտրվեց։ ՄԻԵԴ ում ՀՀ դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին և արդեն մոտ մեկ ամիս է այս պաշտոնը թափուր է։
Մենք զրուցել ենք ՄԻԵԴ դատավորի թեկնածու Աննա Մարգարյանի հետ։ Նա միջազգային կառույցների հետ փորձագիտական աշխատանքով է զբաղվում, իսկ ՄԻԵԴ- ում փոխարինում է հիմնական դատավորին` այն գործերով, որոնցով նա չի կարողանում մասնակցել գործի քննությանը։ Երբ Եվրոպայի խորհրդի Փորձագետների խորհրդատվական հանձնաժողովը չկարողացավ միասնական կարծիք ձևավորել ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանի մասով, ցուցակում նրան փոխարինեց Աննա Մարգարյանը, քանի որ օրենքը 3 թեկնածուի առաջադրում է պահանջում։
-Ինչո՞ւ Վիգեն Քոչարյանի փոխարեն դուք ներգրավվեցիք։ Նրանից հետո ամենաշատ միավորնե՞րն էիք հավաքել։
- Անկեղծ ասած, միավորային սանդղակ չի հրապարակվել ոչ մի անգամ։ Ես չգիտեմ, թե որ տեղում եմ եղել և չեմ էլ նայել մյուսների միավորները, այսինքն, դրանք հրապարակային չեն եղել։ Ինձ պարզապես տեղեկացրել են, որ Վիգեն Քոչարյանից հետո ամենաբարձր միավորները իմն են եղել` ըստ հանձնաժողովի գնահատականի։ Այդ պատճառով ցուցակում իր անունը փոխարինել են իմ անունով։ Թե ինչն է եղել պատճառը, որ նա չի մնացել, չեմ կարող ասել։
- ՄԻԵԴ-ում աշխատանքը Ձեզ համար նոր չի, քանի որ դուք Հայաստանի Ad hoc դատավորներից եք, այսինքն, հիմնական դատավորին փոխարինող։
- Այո, ես ծանոթ եմ գործընթացին, որովհետև մասնակցել եմ մի քանի գործերի քննությանը, ներկայացնելով այն օբյեկտիվ իրավիճակը, որը Հայաստանում է, ներկայացնելով մեր դիրքորոշումները, այսինքն, կողմնորոշելով խմբին, որ որոշումն առավել արդար լինի։
-ՄԻԵԴ դատավորը պետության դատավորն է, բայց չի ներկայացնում ՀՀ շահերը, ճի՞շտ եմ հասկանում։ Որքանով է նա անկախ։
- Ճիշտ է, պետության դատավորն է, որովհետև ՄԻԵԴ- ում յուրաքանչյուր պետության կողմից նոմինացված դատավորներ կան, բայց նա կառավարության, իշխանության շահերը չի պաշտպանում, կաշկանդվածություն չունի, ենթակայություն չունի։ Ճիշտ է, ընտրվում է պետության քվոտայով, բայց անկախ գործունեություն է ծավալում։
- ՄԻԵԴ դատավորի ընտրության գործընթացը որքանով էր թափանցիկ, հրապարակային։ Այս անգամ մոնիտորինգ անող ՀԿ-ներ չկային, ի տարբերություն 2015-ի ընտրության, երբ Արմեն Հարությունյանը ընտրվեց, և ո՞րն է պատճառը։
- Ինֆորմացիան տարածվել է ԶԼՄ-ներով, հայտարարություն որպես այդպիսին եղել է, առցանց հեռարձակում այդ օրը եղել է, իհարկե, հոսանքի խափանում էր եղել, և հավակնորդներից մեկի հետ կապված տեղեկատվությունը չերևաց։ Հետագայում ձայնագրությունների մի մասը «յութուբում» հասանելի էր, մյուս մասը չեմ տեսել, բայց այդ պահին առցանց հետևելու հնարավորություն բոլորն էլ ունեցել են։ Եթե զուտ ֆորմալ առումով նայել, թափանցիկությունը ապահովվել է։ Դիմելու ժամկետներ, տվյալները ներկայացնելու հնարավորություն, հանձնաժողովի առջև անկաշկանդ հանդես գալու առումով՝կարող եմ ասել, որ որևեւիցե ճնշում չեմ նկատել։ Բայց գնահատման մեխանիզմի առումով չեմ կարող ասել, թե միավորների ձևավորումն ինչ գործընթացով է տեղի ունեցել։ Ի սկզբանե, տրված է եղել, որ այս չափանիշին պետք է դրվի 10 միավոր, կամ 20, կամ 30, բայց ավելի դետալացված չի երևացել։ Այսինքն, հարցերի շրջանակը գաղտնի չի պահվել, չեմ կարող ասել, որ այս չափանիշը գաղտնի է պահվել, բայց թե դետալացված ձևով միավորներն ինչպես են բաշխվել, սա պարզ չի, չէր երևում։
- Բայց պետք է երևար, չէ՞։
- Նախորդ ընտրության ժամանակ ընդհանրապես հասկանալի չէր, թե ոնց են բաշխում միավորները, չափանիշները չէին երևում։ Չենք կարող ասել, որ նա ավելի թափանցիկ էր, սա` չէ։ Զուտ գնահատման կանխատեսելիության տեսակետից, այն ժամանակ միավորներ ընդհանրապես չկային։ Ես մասնակցել եմ այն ժամանակ, երբ մեկ անգամ ցուցակը չեղարկվեց ու երկրորդ անգամ լրացուցիչ հայտարարվեց, ու այն ժամանակ ընդհանրապես չերևաց, թե միավորները ինչպես են բաշխվում։ Իդեալական կլիներ, եթե բոլոր հավակնորդներին տրվեին նույն հարցերը եւ համեմատվեին պատասխանները, որ իմանայինք` նույն հարցի շուրջ հավակնորդներն ինչ մոտեցում ունեն, ոչ միայն գիտելիքների շրջանակը ստուգվեր, այլ նաև, թե օրինակ, ինչպես են պատկերացնում զարգացումը, կամ այս կամ այլ երևույթի նկատմամբ վերաբերմունքը։ Ես ինքս` որպես դասախոս ամենաօբյեկտիվ պատկերը ստանում եմ, երբ նույն հարցին պատասխանում են տարբեր ուսանողներ։ Սա է իմ ընկալմամբ օբյեկտիվ գնահատականը։
- ՄԻԵԴ-ում գանգատների քննարկումը դանդաղ է ընթանում, երկար է տևում, հնարավո՞ր է, որ ավելի արագ քննվեն գործերը։
- Ծանրաբեռնվածությունն է շատ։ Ես այս պահին ավելի արագ մեխանիզմի անցնելու հնարավորություններ չեմ տեսնում։ Այս պահի համար սա օբյեկտիվ է։ Արհեստական մի դիտարկեք ձգձգումները` ՄԻԵԴ -ի կողմից։
- Հաճախ է հնչում կարծիք, որ այն դատավորները, որոնք ՄԻԵԴ վճիռներով պարզվում է, որ սխալ որոշումներ են ընդունել, պետք է վճարեն սահմանված փոխհատուցումը, ոչ թե բյուջեից գանձվի դա։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։
- Ես չեմ կիսում այս տեսակետը։ Շատ դեպքերում դատավորի մոտ հայտնված ապացուցողական բազայի պարագայում հնարավոր է կայացվի դատավճիռ, որը ոչ թե անարդար է, այլ սխալ է դուրս եկել, բայց ոչ իր մեղքով, որովհետև այն ապացույցները, նախաքննական նյութերը, որոնք առկա են` հիմք են տվել ձևավորել համոզմունք և դրա հիման վրա կայացնել դատավճիռ։ Դատարանը չի ինքնուրույն ապացույցներ հավաքում։ Այս պարագայում ամբողջ բեռը դնել դատավորի վրա, ճիշտ չի։ Եթե խնդիրն այն է, որ առկա ապացուցողական բազայի պարագայում անարդար դատավճիռ է կայացվել, այսինքն, դա պետք է բերվեր այլ դատավճռի ու այստեղ առկա է իր սահմանազանցման մոտեցում, իշխանության չարաշահման խնդիր, այս պարագայում ոչ թե պետք է ֆինանսական պատասխանատվություն, եթե դա արվել է միտումնավոր, այլ քրեական պատասխանատվության հարց։ Եթե մեկնաբանությունը տարբերվում է, այլ կարծիք ունենալու, փաստարկված հիմնավորված կարծիք ունենալու համար պատասխանատվության ենթարկելը ինձ համար ընդունելի չի։
- Դուք եղել եք ՔՊ-ի թեկնածուն` ԲԴԽ անդամի համար, որքանո՞վ եք անկախ իշխանությունից։
- Երբ որ ՔՊ-ն ինձ առաջարկեց ԲԴԽ-ի թեկնածու, այդ հարցը շատերի մոտ առաջացավ, բայց ինձ չընտրեցին։ Եթե ես իրենց թեկնածուն լինեի, ո՞նց եղավ, որ արդյունքում ունենալով մեծամասնություն ԱԺ-ում, արդյունքը այլ եղավ։ Ես ունեմ լավ գործընկերներ իրենց մեջ, ընկերներ, նախկին ուսանողներ, բայց ես երբևիցե որևէ քաղաքական կուսակցության չեմ հարել, չեմ էլ պատրաստվում հարել։ Ես նախընտրում եմ իմ անկախ ակադեմիական գործունեույթյունը, որը ինձ ավելի հոգեհարազատ է։ Որևէ գործադիր կառույցում չեմ եղել և հայտնվելու ցանկություն չունեմ։




















