top of page

Փաշինյանն ապրում է «Քաջ Նազարի» սինդրոմով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 2 min read


Ի՞նչ է կատարվում Ղազախստանում։ Շատ դժվար է մեկ հոդվածով պատասխանել այս հարցին։ Հուզումների հիմքում կան բազմաթիվ բաղադրիչներ՝ սկսած սոցիալականից, վերջացրած՝ դժգոհությունով մի համակարգից, որը տասնամյակներ շարունակ սպասարկել է մեկ մարդու, նրա մերձավորների հետաքրքրությունները։ Ղազախստանում բազմաշերտ մի գործընթաց է տեղի ունենում՝ սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական բաղադրիչներով ու սխալ է կենտրոնանալ դրանցից որևէ մեկի վրա, մանավանդ, որ իշխանության տրանզիտի ղազախական մոդելն, ըստ էության, երկիշխանության էլեմենտներ էր ստեղծել ու միանշանակ ու հարթ չէին նաև «ազգի առաջնորդ» հռչակված Նազարբաևի ու նրա «ժառանգորդի»՝ գործող նախագահ Տոկաևի հարաբերությունները։ Մի բան ակնհայտ է, որ Ղազախստանի հասարակությունն այլևս չի ուզում ապրել անցած տասնամյակների իրավազուրկ կարգավիճակում, իսկ կառավարող էլիտան չի կարողանում կառավարել գործընթացները՝ ներսում առաջացած ճաքերի պատճառով։ Տոկաևը համարում է, որ երկիրը ենթարկվում է «ահաբեկչական հարձակման»՝ չներկայացնելով, իհարկե, կոնկրետ փաստեր։ Երբ իշխանությունից դժգոհ հասարակական խմբերը դիմում են բռնությունների, դա դատապարտելի է, բայց այս դեպքում դժվար է խոսել «ահաբեկչական հարձակման» մասին․ Ղազախստանում նկատելի են քաղաքացիական պատերազմի հատկանիշներ։ Ինչևէ, Տոկաևին պետք էին հիմքեր՝ ՀԱՊԿ-ին դիմելու համար, դրանք նա «ստեղծեց»։


Ճակատագրի հեգնանքով այս պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը որոշեց շատ արագ արձագանքել, բնականաբար՝ ոչ իր կամքով, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի հրապարակային խոսքում «ինքնիշխանություն» բառը հաճախակի հնչեցվողներից մեկն է, ընդ որում՝ բարձրագոչ շեշտադրումներով։ Մի քանի ժամում ՀԱՊԿ-ը կայացրեց «պատմական» որոշումը։ Ճակատագրի հեգնանքով` հայկական հեղափոխության առաջնորդը դարձավ ղազախական հեղափոխության դեմ արշավի անոնսավորողը ու պատմությունը նրա ակտիվում է գրանցելու այս «արյունոտ» որոշումը։ Մի ղեկավար, որը իր սեփական երկրում դատում է նախկին ղեկավարի՝ բանակը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, հիմա անոնսավորում է մի քանի օտար բանակների մուտքը այլ երկիր՝ ներքաղաքական խռովությունը ճնշելու համար։ Իրոք, որ Փաշինյանը չունի «իզմ»-եր, սկզբունքներ, արժեքներ։ ՀԱՊԿ-ը ստեղծեց շատ վտանգավոր նախադեպ` դա միջամտությունն է անդամ երկրների ներքաղաքական գործընթացներին ու այս ամենն արվեց «դեմոկրատիայի մունետիկ» Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։


Ըստ ամենայնի, Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ խաղաղապահները մի օր էլ իրեն են պետք գալու՝ սեփական ժողովրդից պաշտպանվելու համար։ Նա սխալվում է․ «եվրասիական կլուբում» Հայաստանի փաստացի վարչապետը օտար եղել է, օտար էլ կմնա՝ անկախ քծնանքի չափաբաժնից։ ՀԱՊԿ-ն «մեռած» կառույց էր, երբ պետք է պաշտպաներ Հայաստանի անվտանգությունը ու տարածքային ամբողջականությունը․ մինչև հիմա Հայաստանի տարածքից 40-45 կմ օկուպացված է, բայց ՀԱՊԿ-ում այդպես էլ չգտնվեցին արագ արձագանքման ուժեր։ ՀԱՊԿ-ն «վերակենդանացավ», երբ պետք է կատարեր ոչ թե անվտանգային կառույցի, այլ ներքին ոստիկանական ռեպրեսիվ մեքենայի դեր։ Կրկնենք՝ դա տեղի ունեցավ «ժողովրդավարության բաստիոն» Փաշինյանի ձեռամբ։ Ընդ որում, Փաշինյանը շտապեց օգնության ձեռք մեկնել ղազախական էլիտային, որն առաջինն էր շնորհավորել Ալիևին՝ 44-օրյա պատերազմում տարած «պատմական հաղթանակի» համար։ Ու Փաշինյանը ոչ մի րոպե չմտածեց Ղազախստանում ապրող մի քանի տասնյակ հազար հայերի, նրանց անվտանգության մասին։ Փաշինյանն ապրում է «Քաջ Նազարի» սինդրոմով։


Վահրամ Բագրատյան

 
 
1/2519
bottom of page