270 ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՐՎԵԼ Է ՀԱՎԱՍՏԱԳԻՐ՝ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
- anigevorgn
- Dec 6, 2024
- 1 min read

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ 120 հազար արցախցիներից 270 ընտանիք օգտվել է բնակարանային ապահովման ծրագրից, որն ի սկզբանե պարզ էր, որ չի աշխատելու՝ գումարի սակավության եւ վատ պայմանների պատճառով։ Հիշեցնենք, որ մեկ անձին 3 միլիոն դրամ է տրամադրվում, ընդ որում՝ այն հետագայում պետք է վերադարձնեն պետությանը։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝
• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
• ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
• չունեն սեփականություն,
• չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։
1-ին փուլում կարող են ընդգրկվել՝
• 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում»։