top of page

Մարդիկ չեն գիտակցում՝ ինչ է սպասվում․ եթե ադրբեջանցիները լցվեն այստեղ, Հայաստանի վերջը կգա, վտանգը լուրջ է․ Մալխասյան

  • Writer: Ani
    Ani
  • Dec 14, 2024
  • 2 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է բանակցությունների օրակարգ մտցնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Դեկտեմբերի 5-ին Բաքվում անցկացվել էր միջազգային համաժողով՝ Հայաստանից իբրև թե արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը մի քանի անգամ Հայաստանի տարածքը հերթական անգամ իրենց «պատմական հողեր» էր կոչել և պահանջել Հայաստանի ղեկավարությունից պաշտոնապես բանակցություններ սկսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի հարցով։

Մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ մասշտաբի աղետ է լինելու, եթե հանկարծ Ադրբեջանը գործիքակազմ գտնի և կարողանա ադրբեջանցիների վերաբնակեցնել Հայաստանում․ այդ դեպքում, հնարավոր է, հատենք անդառնալիության կետը, և սարսափելի իրականություն տիրի Հայաստանում։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։

«Շատ անլուրջ արձագանք կար Հայաստանում, երբ այս նույն քայլերն անում էին Արցախի այսպես կոչված ադրբեջանական համայնքի միջոցով՝ նույն կերպ մտցրեցին նրանց խորհրդարան, եվրոպական տարբեր երկրների դեսպանների կամ հյուպատոսների հետ էին հանդիպումների տանում, քայլ առ քայլ հասան իրենց նպատակաին, և հիմա Արցախն օկուպացված է»,- նշում է Մալխասյանը։

Մասնագետը շեշտում է՝ ադրբեջանցիների՝ Հայաստանից իբրև թե բռնի տեղահանվելու մասին Բաքվի պնդումները լիովին կեղծ են, ընդհակառակը՝ ադրբեջանցիներն այստեղից խաղաղ ու առանց որևէ վնաս կրելու են հեռացել՝ ի տարբերություն Խորհրդային Ադրբեջանում ջարդերի ենթարկված և ունեզրկված հայերի։

«Խորհրդային Ադրբեջանից հեռացած հայերը ոչինչ իրենց հետ չեն կարողացել տանել՝ ոչ միայն գույքային հարցեր չեն լուծել, այլև մի կերպ իրենց կյանքն են փրկել ու փախչել, հազարից մեկն է կարողացել առօրյա օգտագործման իրեր տանել իր հետ՝ ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք ամեն ինչ կարողացել են տանել այստեղից իրենց հետ ու տներ ստանալ Բաքվում։ Ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանից հեռացել են առանց որևէ ճնշման՝ իրենց կամքով, ավելին՝ կա՛մ վաճառել են իրենց գույքը տեղացիներին, կա՛մ փոխհատուցումներ են ստացել, դա համատարած բնույթ է կրել, ինչը եղել է Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության նախաձեռնությամբ։ Եթե դուք ձեր իրավունքներից եք խոսում, բա հայերի՞ իրավունքներն ուր մնացին։ Ձեզ մինչև լուցկու չոփ հնարավորություն են տվել տանել Խորհրդային Հայաստանից, իսկ հայերին տնազուրկ եք արել, ջարդեր կազմակերպել ու ֆիզիկական գոյությանը սպառնալով՝ «ճանապարհել» եք»,- նշում է ժողովրդագրագետը։

Մալխասյանը նկատում է՝ այժմ փորձ է արվում փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ, որպեսզի չգիտակցեն՝ ինչ մեծ վտանգ է սպառնում։

«Երբ փորձում են մարդկանց համոզել, թե սրանք ուղղակի խոսակցություններ են, Ալիևը, Հաջիևն ու մնացածը հենց այնպես են ասում, ուշադրություն մի դարձրեք, դրանով փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ։ Ասում են՝ ո՞նց կարող է միլիոնանոց Երևանին 21-րդ դարում բան պատահի․․․ Սիրիան նույն 21-րդ դարում չէ՞ր՝ Հալեպը 3 միլիոնանոց՝ Հայաստանի ողջ բնակցության չափ քաղաք է, բայց ժամերի ընթացքում ընկավ։ Ադրբեջանում օրենք են ընդունել, որի համաձայն՝ Հայաստանի ցանկացած տեղանուն արգելված է հայերենով նշել, ադրբեջանական տարբերակներն են կիրառում՝ Ադրբեջանի ՊՆ-ն Վարդենիսը, Տավուշը, Սևանա լիճը հայերեն անվանումներով չի նշում։ Մենք գործ ունենք նման կերպ մտածող հասարակության և էլիտաների հետ։

Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացմամբ՝ Հայաստանը պետք է կոմունիկացիաներից զրկված, կցորդային օրգանիզմ լինի, եթե, իհարկե, լինի, եթե Հայաստանի գոյությունը մտնում է նրանց պլանների մեջ։ Պետք չէ պատրանք սերմանել, թե նրանք էլ են ուզում մեզ հետ խաղաղության մեջ ապրել։ Եթե նրանք նման բան ուզեին, Ադրբեջանի նախագահը չէր ասի, թե Հայաստանը, իբրև, «Արևտմյան Ադրբեջան» է։ Մենք երբևէ չենք ասում, որ Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ), Զմյուռնիան Արևմտյան Հայաստանի մաս են, մենք ընդամենը համայնք ենք այնտեղ ունեցել, մենք երբեք չենք հավակնել Թուրքիայի ամբողջ տարածքին, որ մի հատ էլ զուգահեռներ տանենք «Արևմտյան Հայաստանի» և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» միջև, ինչն անում է Հայաստանի իշխանությունն ու լեգիտիմացնում Բաքվի պահանջները։ Իսկ նրանք պնդում են, թե Հայաստանի ողջ տարածքն իրենցն է»,- շեշտում է Մալխասյանը։

1/2456
bottom of page