«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄԱՑ «ԶԱԴՆԻ Է ԴՆՈՒՄ» ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը․ դատարանում այժմ ապացույցների հետազոտման փուլն է։
Հիշեցնենք․ Երեւանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Տարոն Մարգարյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ չարաշահելով իր լիազորությունները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում նրա մերձավորները սեփականաշնորհել են համայնքային ենթակայությամբ գործող դպրոցների հողատարածքները։ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նույնպես մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Սահակյանն էլ, ըստ մեղադրանքի, այնպիսի գործողություններ է նախաձեռնել, որի արդյունքում պետգույքի կառավարման վարչությանն ամրացված դպրոցի տարածքն է նվազեցվել, եւ առանձնացված մասը վաճառվել է իր եւ Տարոն Մարգարյանի մերձավորներին։
Այս գործով, բացի Տարոն Մարգարյանից եւ Արման Սահակյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի եւս 7 անձ՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը, քաղաքապետարանի աշխատակից Հայկ Կյուրեղյանը, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ում պաշտոնավարած Արամ Ենգոյանը, Տիգրան Փոթիկյանը, Միքայել Հակոբյանը եւ Հայկ Պետրոսյանը։ Տեղեկացանք, որ նրանցից Արամ Ենգոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանը դադարեցրել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերից սկսած՝ բավականին ինտենսիվ նիստեր են տեղի ունենում։ Հավանաբար, դեր է խաղացել դատավոր Վահե Միսակյանին լիազորություններից զրկելու հանգամանքը, որի նկատմամբ որոշման հիմքում ԲԴԽ-ն դրել էր իբր նիստերը ձգձգելու փաստը:
Հարցին, թե Տարոն Մարգարյանը, պայմանավորված այլընտրանքային խափանման միջոցով, կարողանո՞ւմ է երկրից դուրս գալ, պաշտպանը պատասխանեց․ «Անհրաժեշտության դեպքում դիմում ենք դատարանին, եթե թույլատրում է, համարում է անհրաժեշտ, ապա տալիս է թույլտվություն, դուրս է գալիս՝ պայմանավորված բացառապես պարոն Մարգարյանի պատգամավորական գործունեությամբ»։
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների տնօրինած ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի եւ դրամական միջոցների բռնագանձման գործը։ «Ընթացքի մեջ է, դատական նիստերը գնում են, վերջին նիստը տեղի ունեցավ 2-3 օր առաջ, դատախազության ներկայացուցիչը մի քանի գույք պահանջից հանեց, այսինքն՝ հայցի առարկա հիմքը փոխեց»։ Իսկ թե որոնք են այդ գույքերը, փաստաբանն ասաց, որ չի հիշում, սակայն խոսքը 2 անշարժ գույքի մասին է։
Բացի անշարժ գույքից, դատախազությունը նաեւ շարժական ապօրինի գույքի տոկոսն է նվազեցրել․ «Նաեւ շարժական գույք կար, որը դիտվել էր, որ 90 տոկոսից ավելին է ապօրինի, հիմա սիմվոլիկ թիվ է մնացել, որ 6,2 տոկոսն է ապօրինի։ Այդպես մի քանի հատ այդ տիպի շարժական գույք կա»։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին պահանջ էր ներկայացրել դատարանին՝ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված 6 անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ավան վարչական շրջանում գտնվող 6 բնակելի տուն, հասարակական նշանակության 1 տարածք, Ջերմուկ քաղաքում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք, Երեւան քաղաքում գտնվող 1 անշարժ եւ 3 շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ. 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, եւ 98 մլն 247 հազար 854 դրամ: Այժմ, ըստ պաշտպանի, այս ցանկը փոքրացել է, եւ պահանջները` նվազել: