«Երբ ասում եք` «վերադարձրեք երկիրը», ի՞նչը վերադարձնեն». Թրամփը` Զելենսկիին
- Ani

- Dec 22, 2024
- 1 min read

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով նրան` սկսել մտածել հրադադարի մասին և լքել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները։
Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է El Pais-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։«(Ուկրաինայի իշխանություններին) դուր է գալիս ասել, որ ցանկանում են վերադարձնել իրենց հողերը, սակայն քաղաքները հիմնականում ավերված են։ Նայեք այս քաղաքներից մի քանիսին. կանգուն չի մնացել ոչ մի շենք: Ուրեմն, երբ ասում եք` «վերադարձրեք երկիրը», ի՞նչը վերադարձնեն: «(Ուկրաինայի մարտերում ավերված բնակավայրերը կպահանջեն) 110 տարվա վերակառուցում», - մեջբերում է աղբյուրը Թրամփի խոսքերը։
Այնուամենայնիվ, մի քանի եվրոպական աղբյուրներ, որոնք անանունության պայմանով են խոսում, El Pais-ին հայտնել են, որ ազդանշանները, որոնք Թրամփն ուղարկում է պաշտոնական Կիևին, բացասական չեն։ Օրինակ՝ գեներալ Քիթ Քելլոգը, որին Թրամփը նշանակել է` որպես ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայում, հրապարակայնորեն գովաբանել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նոր զենքերի փաթեթները և թույլտվությունը, որը նա տվել է Ուկրաինային՝ արևմտյան հեռահար զենքով ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար: Ավելին, աղբյուրները կարծում են, որ իրերի այս վիճակը միայն ընդգծում է, որ Թրամփը ցանկանում է հասնել խաղաղության, բայց` ուժի դիրքերից։ «Նրա համար կարևոր է, որ ինքը թույլ չթվա»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Թրամփը դեռ չի կայացրել իր որոշումը, մի օր նա ցույց է տալիս մի բան, իսկ մյուս օրը՝ մեկ այլ բան, ուստի շատ կարևոր է գործել հիմա և փոխանցել մեր ուղերձները», - ասել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։




















