«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՏՄ-ԻՑ ԱՍԵՆ՝ ДАВАЙ ДО СВИДАНИЯ...

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը ԼՂ-ում չպետք է պատերազմեր, քանի որ ԼՂ-ն Հայաստան չէր, իսկ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել, նորից կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Հակառուսական շրջանակները սա «ինքնախոստովանություն» են համարում: «Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- ասել էր Պուտինը։
Պրոռուսական շրջանակներն ասում են, որ իրավական տեսանկյունից ՌԴ նախագահի ասածը տրամաբանական է: Ռուսաստանը չէր կարող ուղղակիորեն ներգրավվել պատերազմական գործողություններում՝ հօգուտ հայկական կողմի: Այլ հարց է, որ իրական դաշնակցային հարաբերությունները բարեկամ երկրին աջակցելու հնարավորություններ միշտ գտնում են: Եվ հարցնում են` ինչու՞ Փաշինյանի օրոք չգործեցին այդ մեխանիզմները:
Այն, որ Հայաստանն Արցախի անկախությունն այդպես էլ չճանաչեց, ըստ որոշ կարծիքների, եղել է հայկական կողմի մեծագույն բացթողումը: Մինչեւ 2018-ը ՀՀ իշխանություններն այդ հարցին մի պատասխան ունեին՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի խաթարում ու հիմք կտա Ադրբեջանին՝ ուժ կիրառել: Դեռ 2016 թ. քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել էր այդ մասին։ «Հրահանգել եմ ԱԳՆ-ին՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ... մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը»,- ասել էր նա: Ռուսական միջնորդությամբ 2016-ին պատերազմը կանգնեցվեց: 2020-ին՝ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն պարզ էր, որ այն լայնածավալ բնույթ է ստանում, եւ տարբեր շրջանակներ քննարկում էին հարցը, թե ինչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը:
«Դեռ Տեր-Պետրոսյանից սկսած, Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Արցախի խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է եղել: Եղել է 3 սկզբունք՝ Քոչարյանից ստացած Մադրիդյան սկզբունքները, որոնք որոշակի ձեւափոխվել են կազանյան փաստաթղթում, բայց հիմքերը նույնն են մնացել՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Այսինքն, եթե Հայաստանը միակողմանի ճանաչում էր Արցախի անկախությունը, դա նշանակում էր դուրս գալ բանակցություններից եւ նշանակում էր հարված՝ ոչ թե Ադրբեջանին, այլ ՄԽ-ին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային: Դա նշանակելու էր պատերազմի առիթ տալ Ադրբեջանին, ու դա էր պատճառը, որ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի ժամանակ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը պատերազմի 2-րդ, թե 3-րդ օրը հրավիրեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին նախագահական նստավայր եւ տեղեկացրեց, որ եթե պատերազմը կանգ չառնի, Հայաստանը ստիպված կլինի միակողմանի ճանաչել Արցախի անկախությունը: 4-րդ օրը պատերազմը կանգնեց, եւ խնդիրը մտավ բանակցային ձեւաչափ՝ Վիեննա, Պետերբուրգ, Ժնեւ: Փաշինյանի օրոք իրավիճակն այլ էր, առնվազն պատերազմի առաջին շաբաթից հետո պարզ էր, որ պատերազմը մտնում է նոր թեժացման փուլ, եւ, այո, Փաշինյանը կարող էր խորհրդակցել գործընկեր երկրների հետ եւ հիմնվեր նրա վրա, որ եթե Ադրբեջանը խախտում է սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառումը, Հայաստանը լեգիտիմ իրավունք է ստանում ճանաչել Արցախի անկախութունը: Թե ինչու դա չարեց՝ հարցրեք իրեն: Մեր իշխանությունը հստակ ասել էր, թե մենք ինչ կանենք: 2 ամիս պատերազմ է եղել, եւ Նիկոլը չի ճանաչել, ավելին` ավելի վատ բան է արել՝ չի ընդունել պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը»,- «Հրապարակ»-ին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որի կարծիքով, ՀՀ 3 նախագահների քաղաքականությունը՝ Արցախի կարգավիճակի ամրագրման ուղղությամբ, ճիշտ է եղել:
Նա համաձայն չէ տեսակետին, թե արցախյան խնդիրն ի սկզբանե սխալ ռելսերի վրա է դրվել, ու Հայաստանը դեռ այն ժամանակ՝ որպես պատերազմում հաղթած երկիր, կարող էր ճանաչել Արցախը որպես Հայաստանի մաս կամ անկախ պետություն: Շարմազանովն ասում է՝ խաղի կանոնները մշակում էին միջնորդները, իսկ Հայաստանը Ռուսաստան չէր, որ Ղրիմը գրավեր ու մարսեր միջազգային հանրության դիրքորոշումը. «Մենք փոքր երկիր ենք ու չէինք կարող գնալ արկածախնդրության: Ինքնորոշման իրավունքը լավագույն ճանապարհն էր, այստեղ ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի կարծիքները շատ հստակ էին: Մեր թիվ 1 խնդիրը եղել է կարգավիճակի հարցը եւ այն, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: Բանակցությունները դրան էլ գնում էին՝ Արցախին տրվելու էր կարգավիճակ, մենք դուրս էինք գալու 5 շրջանից, Արցախն ունենալու էր լեգիտիմ իրավունք, ոստիկանություն, ներքին ուժեր, լեգիտիմ կառավարում, կարող էր անդամակցել այն միջազգային կառույցներին, որտեղ վերջնական ճանաչումը պարտադիր չէր, եւ ամենակարեւորը՝ ունենալու էր հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունք: Դա ամրագրված էր, բայց այդպես չեղավ, որովհետեւ 2018-ին եկավ Նիկոլ Փաշինյանը եւ փոխեց բանակցային ողջ տրամաբանությունը: Մայիսի 8-ին հայտարարեց` եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ես բանակցություններ չեմ իրականացնի, իսկ դա ուլտիմատում էր Ֆրանսիային, ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին, մանավանդ որ Արցախը, այսպես թե այնպես, եղել է բանակցությունների մաս, բազմաթիվ տեսանյութեր կան, որ համանախագահներն այցելել են Արցախ, բանակցել նախագահների հետ: Նիկոլի կապրիզները, «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» ասելն էին պատճառը, որ Հայաստանը դարձավ ապակառուցողական կողմ: Փաշինյանն իր քաղաքականությամբ Արցախի խնդիրը տարածքային վեճի վերածեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, միջազգային հանրությունն էլ ասաց՝ եթե դա ինքնորոշման հարց չէ, տարածքային վեճ է, դու ասում ես` «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ուրեմն Ալիեւը լեգիտիմ իրավունք ունի»: Շարմազանովը հիշում է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ին ինքն անձամբ Փաշինյանին առաջարկել է՝ դիմել ՌԴ-ին՝ կանգնեցնել պատերազմը եւ լսել ռուսական առաջարկները, հոկտեմբերի 19-ին Փաշինյանն է հայտնել, որ Պուտինն իրեն առաջարկել է կանգնեցնել պատերազմը «5+2» ձեւաչափով: «5+2»-ի մեջ ո՛չ Շուշին էր մտնում, ո՛չ Հադրութը: Հետագայում Պուտինի՝ նոյեմբերի 27-ի հարցազրույցից իմացանք, որ Փաշինյանը հրաժարվել է, հետագայում ինքը՝ Փաշինյանն է ասում՝ հրաժարվել եմ, «որովհետեւ ինձ կասեին դավաճան»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ըստ Շարմազանովի, այն ծառայել է իր նպատակին, երբ Հայաստանի ղեկավարներն ադեկվատ են եղել ու դաշնակցային հարաբերություններ են պահել ռուսական կողմի հետ: Ավելին, Հայաստանը կարող էր օգտվել 1997թ. հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագրի ու 2010թ․ Սարգսյան-Մեդվեդեւ հայտարարության հնարավորություններից, որով երկարացվում էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետը, եւ արձանագրվում, որ այն պետք է պաշտպանի ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլեւ ՀՀ սահմանը՝ ողջ երկայնքով:
«Փաշինյանը մեր զորքի մեծ մասը պետք է տաներ Արցախ՝ որպես անվտանգության երաշխավոր, պաշտպաներ Արցախն ու դիմեր ՌԴ-ին, որ 1997թ․ եւ 2010թ․ արձանագրության հիման վրա պաշտպանեն ՀՀ սահմանները, բայց քանի որ դաշնակիցների միջեւ չկար վստահություն, դա տեղի չունեցավ, եւ պրոբլեմը Փաշինյանից է եղել: 2016թ․ աշնանը նույն ՀԱՊԿ-ն ինչո՞ւ է քաղաքական գնահատական տվել` ռազմական հռետորաբանությունը դատապարտել, ո՞նց է լինում, որ 2015թ․ դեպտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան Տավուշում Ադրբեջանի ներթափանցումն անվանում է սադրանք, էդ նույն ՀԱՊԿ-ը չէ՞ր, Ալիեւն էլ նույն Ալիեւն էր: Ո՞նց է եղել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ 50 հազար տոննա ձրի զենք, Իսկանդեր է եկել, 300 միլիոնի վարկ է եկել՝ հատուկ պայմաններով: Պրոբլեմը ՀԱՊԿ-ը չէ, ոչ էլ՝ Ռուսաստանը, պրոբլեմը Փաշինյանն է»,- շեշտում է նա:
Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանը որեւէ պատասխանատվություն չունի, որովհետեւ Արցախի ժողովուրդը պատերազմից հետո Արցախ վերադարձավ՝ հույսը դնելով ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ռուս խաղաղապահների վրա՝ ասում է Շարմազանովը: Բայց հանրության մոտ թյուր կարծիք կա. «Հանրության մոտ սխալ կարծիք կա, որ Վարդենիսի դեպքերն ինքնըստինքյան դադարել են։ Ոչ, ինքնըստինքյան չեն դադարել, ես հստակ հայտարարում եմ՝ պաշտոնապես Ռուսաստանը դա մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով ասել է, որ Ջեմուկի ու Վարդենիսի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ի էսկալացիան կանգնեցվել է բացառապես ռուսական միջնորդության արդյունքում, դրա մասին Փաշինյանի ներկայությամբ խոսել է նաեւ Ալիեւը, տեսանյութը կա: Եվ եթե Փաշինյանը հայտարարում է, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չեմ հայտարարի, ՀԱՊԿ-ը լինի, ԵՄ-ն, թե ՄԱԿ-ը, պետք է գան, մեզ համար պատերազմե՞ն: Դուք պատկերացնո՞ւմ եք, մի երկրի ղեկավար, որի տարածքը գրավել են, ինքը չպայքարի, ասի՝ եկեք, իմ երկրի համար պատերազմեք: Նման բան չի լինում: Եթե Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Պուտինը լինի, Թրամփը, թե Իրանի նախագահը, պետք է գան ասեն՝ չէ, չէ, Նիկոլ ջան, ի՞նչ ես ասում, դա Ադրբեջան չէ՞: Երբ առանց դեմարկացիա-դելիմիտացիայի, Փաշինյանը թույլ է տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանական մաքսակետ տեղադրեն՝ մեր ինքնիշխան տարածքում, ռուս սահմանապահը պետք է գա ասի՝ Նիկոլ, էս ի՞նչ ես անում, սա ՀՀ շահին դե՞մ է»:
Ինչո՞ւ Փաշինյանը չի հայտարարում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ըստ մեր զրուցակցի, առաջին պատճառը սոցիալ-տնտեսականն է. Փաշինյանը լավ գիտի՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գա, անհնար է լինելու ԵԱՏՄ անդամ լինելը:
«Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ դա հստակ ասել է, իսկ Փաշինյանին զեկուցվում է, չէ՞, որ բացառապես ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է, որ դեռ կարողանում է թոշակ ու աշխատավարձ տալ, պատկերացնո՞ւմ եք, Հայաստանին ԵԱՏՄ-ից ասեն՝ давай до свидания: Էդպես չի լինում, որ մինչեւ ժամը 1-ը հայ-ռուսական հարաբերությունները ԵԱՏՄ-ում փայլուն լինեն, 1-ից հետո ՀԱՊԿ-ում` վատ: Էդ հայկական կոնյակը, գյուղմթերքը որտե՞ղ են ծախվելու, էլ չեմ ասում տրանսֆերտների, աշխատուժի, ռուսական էժան գազի մասին»: Բացի այս, Փաշինյանը սպասում է ուկրաինական ճգնաժամի ավարտին, այլեւս չկա Բայդենի ու Բլինքենի ադմինիստրացիան, որ նրան ասի՝ Նիկոլ ջան, կեցցե քո ժողովրդավարությունը:
Շարմազանովն ուշադրություն է հրավիրում Արեւմտյան Հայաստանի մասին Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ նկատելով, որ այն նաեւ Մոսկվայում են լսում, որի Պետդուման 1995-ին Ցեղասպանության ճանաչման ակտում ամրագրել է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, որը Փաշինյանը համեմատում է «Արեւմտյան Ադրբեջանի» հետ: «Ես շատ հստակ ու առանց էմոցիաների ասում եմ՝ Ռուսաստանից ավելի վստահելի դաշնակից Հայաստանը ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ունենալ, բայց պետք է դաշնակից ունենալու արժանի լինես, վասալ չլինես»: