Մամիկոն Ասլանյանը՝ քաղաքական պատանդ
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանական խմբի բողոքը։ Ինքնին ակնհայտ է, որ Ասլանյանի նկատմամբ իրականացվում է պատժիչ գործողություն՝ քաղաքական մոտիվով։ Եթե դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նա «5 րոպե պակաս» ռեժիմում չլիներ Վանաձորի քաղաքապետի միակ հաղթող թեկնածուն, իշխանություններն այս քրգործի մասին չէին էլ հիշի, ինչպես չեն հիշել նախորդ տարիներին։
Իշխանությունը սառը հաշվարկ ունի․ Մամիկոն Ասլանյանի կալանքի տակ գտնվելու պարագայում՝ նրա կողմնակիցների ու հակառակորդների ձայները ավագանիում հավասար են բաշխվում, ինչի հետևանքով քաղաքապետ չի ընտրվում։ Բայց նույնիսկ այս սցենարն իշխանությանը քիչ է թվում ու նա, սատելիտ կուսակցության միջոցով, դատական արհեստական քաշքշուկ է նախաձեռնել՝ այն նպատակով, որպեսզի ժամանակն օգտագործի Ասլանյանի կողմնակիցներից մեկին «հավաքագրելու» նպատակով։
Իշխանության ջանքերը զուր են անցել ու, թերևս, դրանով է պայմանավորված, որ Վանաձորի պոտենցիալ քաղաքապետը մնաց կալանքի տակ՝ առանց իրավական որևէ հիմքի։ Ի դեպ, երեկ խորհրդարանում պատգամավորներից մեկը բարձրաձայնեց այն մասին, որ Մամիկոն Ասլանյանը զրկված է ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունքից, ինչին ի պատասխան արդարադատության նախարարը պատասխանեց, թե ՔԿՀ-ից Ասլանյանին ազատ արձակելու և ավագանու նիստին մասնակցելու հնարավորություն ընձեռելու օրենսդրական հիմքեր չկան։
Իշխանությունն, ինչպես միշտ, անկեղծ չէ։ Որևէ մեկը չի ասում՝ ապօրինաբար ազատ արձակեք ավագանու անդամին, ասվում է, որ կալանքը պատժի տեսակ չէ ու Ասլանյանը կարող է ազատության մեջ իրացնել իր սահմանադրական իրավունքները ու նաև չխոչընդոտել նախաքննության ընթացքին։ Միով բանիվ, Վանաձորը չի տուժի․ ավագանին վերջապես կարող է նիստ հրավիրել ու քաղաքային իշխանություն ձևավորել։
Ընդամենը պետք է՝ Մամիկոն Ասլանյանին ազատել քաղաքական պատանդի կարգավիճակից։
Վահրամ Բագրատյան




















