ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՈՒ ՍՏԵՂԾԵՆՔ ԱԿԱԴԵՄԻԱ-ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում օրերս տեղի է ունեցել «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 100 ուսուցիչ՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Համաժողովի նպատակն էր՝ ներկայացնել եւ քննարկել լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության, ձեւաբանության, շարահյուսության հարցեր։
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը բարձր է գնահատել ուսուցիչների առաքելությունը, ապա նշել, որ ԳԱԱ նախագահության որոշմամբ ստեղծվել է տերմինաշինության մասնագիտական խորհուրդ, որում ընդգրկված են մեր հանրապետության լավագույն լեզվաբանները։ «Ձեր խնդիրն է՝ աճող սերնդին հասկացնել, որ, չնայած տեխնիկական հնարավորությունների աճին, արհեստական բանականության հնարավորություններին, մարդը պետք է կարողանա ճիշտ գրել եւ ճիշտ խոսել իր լեզվով։ Լեզվին տիրապետելու համար պետք է շատ կարդալ գրական գործեր եւ անընդհատ լինել լեզու սովորելու ընթացքի մեջ»,- նշել է ակադեմիկոս Սուվարյանը։
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտքարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Մերի Սարգսյանն էլ նշել է, որ գիտատեխնիկական զարգացման դարաշրջանում գերխնդիր է կրթության եւ գիտության շաղկապումը․ «Այս չափանիշը կրթության որակի ապահովման համաեվրոպական չափանիշներից մեկն է, եւ հենց սա է մեր կենտրոնի ռազմավարության հիմքում։ Այսօր հաճախ ենք տարբեր հարթակներից լսում, որ հայոց լեզուն կորցրել է իր դերակատարումը, որ չունի այն մեծ ազդեցությունը, որն ունեցել է նախկինում։ Բայց բավական է` մուտք գործենք գիտության եւ տեխնիկայի խաչմերուկներից հանդիսացող Ինժեներական քաղաք, կտեսնենք հայագիտությունը ներկայացնող գրառումներ, իսկ Գիտության եւ տեխնիկայի թանգարանում կտեսնենք հայագիտության հսկաներին։ Միավորենք մեր ուժերը, ստեղծենք ակադեմիա-բուհ-դպրոց էկոհամակարգի առողջ փոխգործակցություն՝ մեր ուժերը ծառայեցնելու գիտության եւ կրթության հետագա զարգացմանը»։