«ՀՐԱՊԱՐԱԿ». ՖԵՅՔ ՆՅՈՒԶԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԳՈՐԾ Է

Ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի գործով նոր զարգացումներ կան․ մեղադրող կողմը որոշել է ճարահատյալ քայլի դիմել՝ մեզ հետ զրույցում ասում է Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ չնայած վերջին անգամ դատարանը Սերոբ Գասպարյանի կալանքը եւս մեկ ամսով երկարացրեց, բայց արձանագրել է, որ հիմնավոր կասկածը նվազել է։ Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանի տարածքում զորավարժությունների մասնակցած անձանց մասին է, որոնք, ըստ մեղադրանքի, մեկնել են, որպեսզի պատրաստվեն Հայաստանում զինված իշխանափոխություն անելուն, սակայն հանցանքի նախապատրաստության փուլում «բացահայտվել» են, արդյունքում 7 անձի մեղադրանք է առաջադրվել, որից երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ «Սեւ հովազ» խմբի ղեկավար Սերոբ Գասպարյանը:
«Վերջին անգամ դատարանը հայտարարեց, որ մեղադրանքը նահանջ է արձանագրել, եւ մեկ ամսվա ընթացքում լրացուցիչ տվյալներ պետք է բերվեն, որ Սերոբ Գասպարյանն առնչություն ունի մեղադրանքի հետ։ Դրա շրջանակներում, քննիչն ուզի, չուզի, պետք է կարողանա ինչ-որ ակնկալիք ունենալ, եւ իր ընկալմամբ դա առերեսումն է։ Ճարահատյալ քայլ է․ ֆուտբոլային լեզվով արտահայտվեմ՝ վերջին հույսի խախտում որպես»,- ասաց Կոչուբաեւը։ Իսկ առերեսումը մեղադրյալի եւ ցուցմունք տված անձանց հետ հնարավո՞ր է արդյունք տա` օգնի մեղադրանքին։ Գասպարյանի պաշտպանն ասաց` իհարկե, ոչ մի արդյունք տալ չի կարող, որովհետեւ նախ պետք է լինեն փաստական տվյալներ, որ անձն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին։ Եթե մի բան իրականության մեջ գոյություն չունի, ինչպե՞ս է հնարավոր դա հիմնավորել կամ ապացուցել։ «Այն, ինչի մասին մենք խոսում ենք, գոյություն չունի, գոյություն չունեցող երեւույթի մասին ենք մենք խոսում»,- շեշտեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը կառուցվել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց ցուցմունքների վրա, որոնց թվում կան Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած անձինք, եւ որոնց հետ նախաքննության մարմինը համառորեն առերեսումներ չի իրականացնում։