top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՎՏԱՆԳԱՎՈՐ ՓՈՒԼ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

  • Writer: Ani
    Ani
  • Dec 6, 2024
  • 3 min read
ree

2020թ․ պատերազմից ու նոյեմբերի 9-ից հետո որոշ ՔՊ-ականների՝ իշխանությունից պոկվելուց հետո այժմ ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության պառակտման երկրորդ դեպքին: Հայտնի sms-ային գիշերից հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հեռացրած Նիկոլ Փաշինյանն անցավ «ժողովրդի ընտրյալներին»` Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, «խնդրելով» մանդատը վայր դնել: Աղազարյանը, փաստորեն, միակ «դուխով»-ն էր, որ դեմ գնաց շեֆի ցանկությանը: Ու չնայած խոսքն ընդամենը մեկ պատգամավորի մասին է, բայց, ըստ վերլուծաբանների, խնդիրը ՔՊ-ի ներսում խորքային է:



«Իհարկե, մի պատգամավոր է դուրս եկել խմբակցությունից, բայց Հովիկ Աղազարյանի դեպքը ցույց տվեց, որ հակամարտությունը խորն է՝ ներսում եղել են խմորումներ, տարբեր կողմեր են եղել, կան հրապարակումներ, որ Աղազարյանը որոշ ՔՊ-ականների ոչ բացահայտ աջակցությունն ունի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը վախեր ունի, եւ այն ամենը, ինչ տեսնում ենք վերջին շաբաթների ընթացքում, այդ վախերի դրսեւորումն է, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով: 


ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունն ու Վրաստանում իշխանության հաղթանակը, մեր զրուցակցի խոսքով, ազդելու է Փաշինյանի իշխանության վրա: Սրան գումարվում է ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը՝ մեծ հավանականությամբ՝ Ռուսաստանի հաղթանակով: «Դրանից հետո այս իշխանությունը շատ ավելի դժվար վիճակում է հայտնվելու, եւ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները պայմանավորված են նրանով, որ այդ պաշտոնյաները շատ էին ամրապնդվել համակարգում եւ Նիկոլ Փաշինյանի հենարան հանդիսանալով, միեւնույն ժամանակ, նրա համար դարձել էին վտանգավոր: Բացի այդ, իմանալով նրանց անսկզբունքայնությունը՝ Փաշինյանը մտավախություն  ուներ, որ հնարավոր է՝ նրանց փորձեն օգտագործել իր իշխանության դեմ: Չնայած շատերն ասում են, որ Փաշինյանը դրանով փորձում է վարկանիշ հավաքել, բայց իրական պատճառը սա է»,- կարծում է Հրանտ Միքայելյանը:


Միեւնույն ժամանակ, Փաշինյանի վարքագիծը նախընտրական է, բայց, ըստ մեր զրուցակցի, արտահերթ ընտրությունների հավանականության հարցն անորոշ է՝ իշխանությունը հասկանում է, որ վարկանիշի անկում ունի: Միքայելյանն ասում է՝ մի կողմից ՔՊ-ն Երեւանի ավագանու ընտրություններում շատ վատ արդյունք գրանցեց, ու իշխանությունը գիտակցում է, հիմա պատկերը շատ ավելի լավը չի կարող լինել, մյուս կողմից, աշխարհում զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանի նման ուժերը պարտվում են. չնայած Մայա Սանդուն հաղթել է, բայց հաղթել է միայն արտասահմանյան տեղամասերի շնորհիվ, իսկ բուն Մոլդովայում պարտվել է, Վրաստանում եւս եղել է պարտություն, ԱՄՆ-ում ձախողվել են դեմոկրատները, որոնց «հաճախորդն» էր Փաշինյանը:


«Հիմա նա օդի մեջ է մնում եւ հասկանում է, որ հանրային կարծիքը շատ անկանխատեսելի է, եւ իրավիճակն ընտրություններում կարող է շատ ավելի վատը լինել: Այս պատճառով է նա որոշել հրաժարվել վաղաժամ ընտրությունների գաղափարից, որովհետեւ ամռանը կարելի էր եզրակացնել, որ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների, բայց հիմա նա պատրաստվում է հերթական ընտրություններին: Այս 1,5 տարին նա փորձելու է օգտագործել ներքաղաքական քարոզի եւ նախապատրաստման  համար»,- բացատրում է Հրանտ Միքայելյանը՝ հավելելով, որ Փաշինյանը նաեւ գիտակցում է՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կարող է իր իշխանությունը թաղել: «Սա նրա համար շատ վտանգավոր փուլ է, եւ, իմ գնահատմամբ, նա ստիպված է լինելու մանեւրել ու արտահեթ ընտրություններ չնշանակել»: 


Տրանսպորտի համակարգում իրականացվող փոփոխություններն արդեն հանրային հուզումներ են առաջացրել ու հերթական հարվածը կարող են լինել իշխանության վարկանիշին: Արդյո՞ք հունվարին այս հողի վրա հնարավոր սոցիալական հուզումների ալիքի տակ Փաշինյանը կփորձի ազատվել նաեւ Տիգրան Ավինյանից, որը հանրային դժգոհության դրսեւորման առաջին հարվածն է կրելու: Ըստ Միքայելյանի՝ Փաշինյանն Ավինյանին չեզոքացնելու խնդիր չունի, որովհետեւ, ի տարբերություն Հայկ Մարությանի, Ավինյանը հենարան չունի ու ՔՊ թիմի ներկայացուցիչ է՝ նա թույլ է, ունի ցածր լեգիտիմություն եւ չունի սեփական թիմ: Միքայելյանի խոսքով՝ տրանսպորտի համակարգում փոփոխություններն իրականացվում են կոպիտ ձեւով, մարդկանց համար իսկապես խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծվում՝ ոչ պետական ընկերությունը պարտադրում է, որ իր ծառայություններից օգտվեն, կա մարդկանց շարժը վերահսկելու վտանգ: 


«Օրինակ, Վրաստանում կամ Եվրոպայում տրանսպորտի քարտն անձնական չէ, բայց Հայաստանում անձնական է, եւ իշխանությունները կամ «Թել Սելը» կարող են իմանալ՝ մարդը որտեղից ուր է գնում: Մյուս կողմից, զուտ բարձրացումը շատ թանկ է եւ ունենալու է շղթայական հետեւանք»,- բացատրում է Միքայելյանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ քաղաքագետը կարծում է, որ իշխանությունը ստիպված է լինելու վերանայել իր քաղաքականությունը: «Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, որով հասարակությանը ներարկվել է, որ եթե չեք ուզում, որ «նախկինները» վերադառնան, քաղաքական իրադարձությունների ժամանակ չպետք է ընդվզեք, բայց տնտեսական դժգոհությունը կարելի է»,- նկատում է մեր զրուցակիցը: 


Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Միքայելյանի կարծիքով, նա չունի պայքարի ժամանակակից արդյունավետ մեթոդներ, շարունակում է մնալ պառակտված, ինչը դաշտ է բացում անհասկանալի քաղաքական միավորների համար: «Ընդդիմությունը շարունակում է իրար մեղադրել, մենք տեսնում ենք նոր, կիսահում քաղաքական սուբյեկտների: Ընդդիմության համար խնդիր են, այսպես ասած, սփոյլեր կուսակցությունները, օրինակ՝ ԴՕԿ-ն ապակառուցողական դեր է խաղում եւ անառողջ իրավիճակ ստեղծում, որի դերակատարումը տեսել ենք Երեւանի ընտրություններում: Բացի այս, ընդդիմությունը երկարատեւ քաղաքական աշխատանքով չի զբաղվում եւ չի գիտակցում, որ մեդիադաշտում կոնսոլիդացիայի ու նոր մեդիաների կարիք կա: Մենք ունենք մեդիաներ, որոնք թերֆինանսավորվում են, ունենք փակված մեդիաներ եւ մեդիաներ, որոնք նորմալ չեն գործում: Ընդդիմության պոտենցիալն այսօր սոցցանցերում շատ թույլ է ներկայացված, եւ եթե նա ցանկանում է հաջողության հասնել, պետք է փող ծախսի եւ մեդիակառավարումն ավելի արդյունավետ դարձնի»,- եզրափակում է Հրանտ Միքայելյանը:

 



1/2436
bottom of page