«Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է ստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ վաշինգտոնյան հանդիպման մասին
- Ani

- Aug 9
- 2 min read

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, ինչպես նաև դրական գնահատելով ամերիկյան կողմի միջնորդությամբ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումը Վաշինգտոնում՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է՝ գոնե վ երջին
ժամանակներս, Բաքուն ու Երևանը պնդում էին, որ նախընտրում են խնդիրների շուրջ ուղիղ երկխոսություն՝ առանց արտաքին միջամտության։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է հենց Ռուսաստանի աջակցությամբ և ուղիղ ներգրավմամբ, ինչպես նաև մշակվել է «ճանապարհային քարտեզ»՝ նախանշող կարգավորման առանցքային ուղղությունները։
Փոխանցելով Ռուսաստանի դիրքորոշումը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է․
«Հարավային Կովկասի խնդիրները լուծելու լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ։
Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, ոչ թե ստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր։
Ցանկալի կլիներ խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծման գործում Արևմուտքի աջակցության տխուր փորձից։ Հարավային Կովկասում դրա օրինակներից մեկը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունն է, որի գործունեությունը անհանգստություն է պատճառում տարածաշրջանային մյուս երկրներին»։
Նշելով, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնում հնչած հայտարարությունները Ռուսաստանը դեռ լրացուցիչ վերլուծության է ենթարկելու, Մարիա Զախարովան հավելել է․ «Այստեղ արդիական են մնում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից կողմերից ոչ մեկը չի հրաժարվել»։
ՌԴ ԱԳ ներկայացուցիչը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ են կազմակերպվում։
«Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանը հսկում են ռուս սահմանապահները, որոնք տեղակայված են այստեղ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրի համաձայն»,- նշել է Զախարովան։
Ամփոփելով՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների նկատմամբ անվերապահ հարգանքի վրա»։




















