top of page

ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՑՈՒՐՏ ՁՄԵՌ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ԱՅԼ ՄԵԶ ՀԵՏ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ ԱՐՑԱԽՈՒՄ

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:



-Իրանի նախագահը ՀՀ անկախության տոնը շնորհավորեց սեպտեմբերի տասնիննին: Ի՞նչ է ակնարկում իրանական կողմը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ՔՊ-ականները տարածում են այն թեզը, որ սեպտեմբերի տասնիինն է ՀՀ անկախության օրը՝ ակնարկելով Արցախի հանձնումը Ադրբեջանին:


-Անկեղծ ասած, ես այդքան խոր իմաստ չէի տեսնի դրանում, որ մեկ օր շուտ մեզ շնորհավորեց Իրանի նախագահը Անկախության տոնի առիթով: Այդպիսի բաներ իրականում ընդունված են պրոտոկոլային որոշակի նորմերից ելնելով: Ես այստեղ խորքային բաներ չէի տեսնի, այլ հարց է, որ մենք ինքներս մեր երկրի ներսում պիտի պատասխանենք այն հարցին, ոնց ստացվեց, որ մենք զարգացած արդյունաբերություն, Արցախի համար պայքար մղած և Արցախում հաղթանակի հասած պետությունից վերածվեցինք մի միավորի, որի նախարարներից մեկը կարող է իրեն թույլ տալ ասել, որ Արցախի դեմ էթնիկ զտման օրը դա Հայաստանի իրական անկախության օրն է: Ո՞նց ստացվեց այնպես, որ թուրքական հատուկ ծառայությունների, թուրքական գենշտաբի այս տեսակ ներհայաստանյան, ներհայկական թշնամանք սերմանող կարծիքը ոչ միայն Հայաստանում իշխող վերնախավի մոտ դոմինանտային դարձավ, այլ նաև մարդ, ով որպես պատգամավոր էր դա ասել, այդ կարծիքը հայտնելու համար պարգև ստացավ և դարձավ նախարար: Մենք այս հարցին պիտի պատասխանենք:


-Մարիա Զախարովան հայտարարեց, որ Փաշինյանի պահվածքը ողջախոհ չէ ու անտրամաբանական: հարց է առաջանում, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի հեռացնում Հայաստանը և Հայաստանը դուրս չի գալիս այդ կառույցից:


-Նիկոլ Փաշինյանի պահվածքը հենց այդ տեսակ հաշվարկ ևս նախատեսում է, այսինքն այնքան դեստաբիլիզացնել իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ որպես ՀԱԿՊ անդամ, որ ՀԱՊԿ-ն ինքը որոշակի գործողությունների դիմի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դա իր հերթին Փաշինյանին թույլ կտա հակառուսական հերթական հիստերիան տարածել Հայաստանում, դուրս բերել  այստեղից զորքերը և այդպես շարունակ: Այսինքն, ռուսական կողմում էլ են սա շատ լավ հասկանում: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարություններին, փորձենք զուտ տրամաբանորեն դատել, եթե դու հայտարարում ես, որ ՀԱՊ կազմակերպությունը սպառնալիք է հանդիսանում Հայաստանի հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետականության համար, բայց դու դուրս չես գալիս ՀԱՊԿ-ից, արդյոք տրամաբանական չէ՞ կարծել, որ դու ես ներկայացնում վտանգ Հայաստանի Հանրապետության անկախությանը, տարածքային ամբողջականությանը, պետականությանը, եթե իմանալով քո ձևակերպմամբ ՀԱՊԿ–ից եկող վտանգները՝ ՀԱՊԿ-ից դուրս չես գալիս:


-ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը պետք է պատրաստ լինի երեք-չորս դաժան ու ցուրտ ձմեռներին և որ իրենք պիտի աջակցեն մեզ: Ի՞նչ էր ակնարկում ԱՄՆ-ի նախկին դեսպանը ԵԱՀԿ-ում:


-Ի՞նչ է Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնարկում: Ձեզ հետ զրույցներում բազմիցս ասել եմ և դա պարզապես ձևակերպում չէ, որ մենք, Ուկրաինան, Կենտրոնական Ասիայի պետությունները, Վրաստանը, Մոլդովան Միացյալ Նահանգների, Լոնդոնի, Բրյուսելի ձեռքերում, ընկալումներում ուղղակի միջոց ենք, գործիք ենք, որի շնորհիվ իրենք կարող են Ռուսաստանի դեմ թշնամական գործողություններ անել, վնասել Ռուսաստանին և այլն: Իրենց ընկալմամբ, եթե դու հակառուս ես, ուրեմն դու անկախ ես: Այստեղ Նիկոլ Փաշինյանի և ամերիկացիների կարծիքները համընկնում են, բայց, գետնի վրա հակառուս լինելը հանգեցնելու է նրան, որ մենք պարենի հետ կապված խնդիր ենք ունենալու, գազի խնդիր ենք ունենալու, բենզինի հետ խնդիր ենք ունենալու: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է Ադրբեջանից էլ գազ գնի, բայց ամերիկացիները ապուշ չեն, կարողանում  լավ գիտեն, որ եթե պայմանականորեն սեպտեմբերի քսանմեկին Փաշինյանը հրաժարվեց ռուսական գազից՝ Ադրբեջանը սեպտեմբերի քսաներկուսին գազ չի տալու: Եթե դու հրաժարվում ես ռուսական գազից ու դա ներկայացնում ես որպես ռուսական կախվածության թոթափում, ապա դու կախվածության մեջ ես ընկնում այդ նոր սուբյեկտից, որ քեզ գազ է մատակարարում: Ո՞վ է այդ նոր սուբյեկտը ո՞վ է՝ Ադրբեջա՞նը, եթե դա այդպես է, ապա հրաժարվելով ռուսական գազից դու Ադրբեջանին հավելյալ լծակ ես տալիս քո վրա ազդելու: Ադրբեջանցիներն էլ դրանցից կօգտվեն ու մեր դեմ կանեն այն, ինչ արեցին Արցախում՝ իքս պահին կփակեն փականը, գազի խողովակը կփակեն: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդը Ադրբեջանին հանձնել է Կիրանցը, որի կողքով անցնում է Հայաստան- Վրաստան գազատարը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրանաշենը շուտով կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, այսպես կոչված դելիմիտացիայի շրջանակներում՝ իրենք կարող են ոչնչացնել նաև իրանական գազատարը: Եվ փաստորեն, մենք մեր ձեռքով, իբրև թե թոթափելով ռուսական կախվածությունը՝ Ադրբեջանից կախվածության մեջ ենք ընկնելու: Եվ այստեղ ամերիկացի նախկին պաշտոնյան այնքան էլ անկեղծ չի՝ մեզ երեք-չորս ցուրտ ձմեռ չի սպասվում, մեզ սպասում է այն, ինչ-որ եղավ Արցախի հետ:


-Փաշինյանն այսօրվա իր հրապարակման մեջ ներողություն էր խնդրում այն սխալների համար, որ ապագայում պիտի գործեն: Նախազգուշացնում է հերթական աղետների մասի՞ն:


-Ես չէի ասի, որ նա զգուշացնում է: Նա ավելի շատ տեղեկացնում է և ներողություն է խնդրում ոչ թե անցյալի սխալների, նաև իր կողմից թույլ տրված սխալների, այլ պարզապես շատ լավ հասկանալով սպասվելիք աղետի ծավալները, ինքը նախապես՝ էն գլխից իրեն ալիբի է նախապատրաստում, ասելով, որ ներողություն խնդրեցի: Ժողովուրդ ջան, այսպիսի ցավալի սեպտեմբերի քսանմեկ ունենք:





bottom of page