ԱՄՆ-ում վերջին տասնամյակներում առաջին անգամ հավանության է արժանացել շիզոֆրենիայի բուժման նոր ձեւը
- Ani

- Sep 30, 2024
- 1 min read

Ուրբաթ ԱՄՆ առողջապահույթան ղեկավար մարմինները հավանություն են տվել վերջին տասնամյակներում շիզոֆրենիայի բուժման նոր ձեւին, տեղեկացրել է AFP-ը։
Cobenfy անվանմամբ դեղամիջոցը, որը մշակել է Bristol Myers Squibb ամերիկյան դեղագործական հսկան, գործում է այլ կերպ, քան գոյություն ունեցող դեղերը՝ ազդելով այսպես կոչված խոլիներգիկ ռեցեպտորների, այլ ոչ թե դոֆամինային ռեցեպտորների վրա։
«Այդ դեղամիջոցը շիզոֆրենիայի բուժման առաջին նոր մոտեցումն է վերջին տասնամյակներում»,- նշված է ԱՄՆ մթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչության (FDA) բարձրաստիճան աշխատակից Թիֆանի Ֆարշիոնեն։
«Այդ թույլտվությունը ենթադրում է հակահոգեմետ դեղերի նոր այլընտրանք, որոնք մինչ այդ նշանակվում էին շիզոֆրենիա ունեցող մարդկանց»,- ասել է նա։
Շիզոֆրենիայով տառապում է ամերիկացիների ընդամենը մեկ տոկոսը, բայց դրա հետեւանքները կարող են կործանարար լինել։
Այն կարող է առաջ բերել հալյուցինացիաներ, հետապնդման զգացողություն եւ մտքերը կառավարելու դժվարություններ։ Շիզոֆրենիա ունեցողների մոտ հինգ տոկոսը մահանում է ինքնասպանություն գործելով։
Հետազոտող Լինսի Բիսլանդը, որը գլխավորում է Wellcome բարեգործական հիմնադրամի հոգեկան առողջության մասնաճյուղը, կարծում է, որ Cobenfy դեղամիջոցը կարող է «փոխել իրավիճակը, հատկապես նրանց համար, որոնց այլ դեղերը չեն օգնում»։
Cobenfy-ն, որի գիտական անվանումն է «քսանոմելին եւ տրոսպիումի քլորիդ», նախատեսված է խմելու համար։
Երկու կլինիկական փորձարկումները հաստատել են նրա արդյունավետությունը՝ ցույց տալով, որ այն կարող է զգալիորեն նվազեցնել հիվանդության ախտանշանները։




















